Մոսկվայում ԱՄՆ դեսպանատան մոտ հերթ է գոյացել վիզա ստանալու համար
Մոսկվայում ԱՄՆ դեսպանատան մոտ վիզա ստանալ ցանկացողների հերթ է գոյացել, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Այսօր վերջին օրն է, երբ ամերիկյան դեսպանատունը վիզաներ է տրամադրելու մինչև սեպտեմբերի 1-ը հայտարարված դադարից առաջ: Այդ առնչությամբ դեսպանատան դիմաց առավոտյան երկար հերթ է գոյացել մարդկանցից, ովքեր պետք է հարցազրույց անցնեն կամ արդեն ցանկանում են վերցնել պատրաստի վիզան:
Ավելի վաղ հաղորդվել է, որ ԱՄՆ-ն 2017 թվականի օգոստոսի 23-ից անորոշ ժամկետով դադարեցնում է ոչ ներգաղթային վիզաների տրամադրումը Ռուսաստանի ամբողջ տարածքում:
Ոչ ներգաղթային վիզաների տրամադրման ընթացակարգը կվերականգնվի Մոսկվայում, բայց զգալիորեն կրճատված ծավալով՝ սկսած այս տարվա սեպտեմբերի 1-ից: Վիզա ստանալու համար հարցազրույցները Սանկտ Պետերբուրգում, Եկատերինբուրգում և Վլադիվոստոկում ԱՄՆ հյուպատոսարաններում կդադարեցվեն: Բացի այդ, դեսպանատունն այլևս չի վերադարձնի վիզայի դիմում ներկայացրած Ռուսաստանի քաղաքացիներին հյուպատոսական վճարը:
Ոչ ներգաղթային վիզաները թույլ են տալիս ժամանակավորապես գտնվել Միացյալ Նահանգների տարածքում: Այդ փաստաթղթերի մեջ են մտնում մասնավորապես զբոսաշրջային, գործնական և կրթական այցելությունների համար վիզաները:
Այդ քայլը բացատրվում է Ռուսաստանում ԱՄՆ դիվանագիտական առաքելության աշխատակիցների թվաքանակի կրճատման վերաբերյալ ռուսական իշխանությունների որոշմամբ: Սահմանափակումները կգործեն՝ մինչև չմեծացվի Ռուսաստանում ամերիկացի դիվանագետների թիվը: