Ոստիկանները Եղվարդում առանց որևէ պատշաճ հիմքի բերման են ենթարկել մեր թիմակիցներին. «Հայաստան» դաշինք
Երեկ Եղեգնաձորում ոստիկանության ծառայողներն ակնհայտ ապօրինի ու անհամաչափ ուժ են գործադրել «Հայաստան» դաշինքի ներկայացուցիչների նկատմամբ: Այս մասին հայտարարություն է տարածել «Հայաստան» դաշինքը:
Հայտարարությունում նաեւ ասվում է. «Այսօր տեղեկացել ենք, որ ոստիկանության ծառայողները Եղվարդում առանց որևէ պատշաճ հիմքի բերման են ենթարկել մեր թիմակիցներին՝ մի քանի ժամ պարալիզացնելով քարոզչական աշխատանքները:
Չնայած ոստիկանությունից ստացած հավաստիացումների, որ քաղաքական պատվերներ չեն կատարելու ու ընտրական մրցակցությունը չեն խախտելու` վերջին օրերի իրադարձությունները լրիվ այլ իրավիճակի մասին են վկայում:
Ստեղծված պայմաններում կա՛մ ոստիկանության ղեկավար կազմը չի տիրապետում իրավիճակին, կա՛մ ուղղակի մասնակցում է ապօրինությունների կատարմանը:
Զգուշացնում ենք, որ այսուհետ ոստիկանական ցանկացած ապօրինության համար անձնական պատասխանատվություն են կրում ոստիկանապետ Վահե Ղազարյանը և ոստիկանության ղեկավար կազմը: Դրանից ելնելով մենք կկատարենք համապատասխան հետևություններ»: