Գյումրին որպես տուրիստական կենտրոն զարգանալու ներուժ ունի. Ռոբերտ Քոչարյան
Ես Գյումրիում երբեք չեմ ապրել, բայց տասը տարվա ընթացքում այնպես ստացվեց, որ իմ սրտի մի մասը մնաց Գյումրիում: Այս մասին Գյումրիում կայացած հանրահավաքի ժամանակ հայտարարեց ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի առաջնորդ, ՀՀ վարչապետի թեկնածու Ռոբերտ Քոչարյանը:
Երկրորդ նախագահը նշեց, որ առաջին անգամ Գյումրի է եկել 1997 թվականին՝ որպես նորանշանակ վարչապետ: «Վիճակն այնպիսին էր, որ ինքս ինձ երդվեցի փոխել քաղաքի դեմքը, վերականգնել այն: Այսօր, շրջելով քաղաքում, տեսա իմ նախագահության տարիներին կառուցված շենքեր եւ կարող եմ ասել, որ հիշում եմ յուրաքանչյուր շենք: Նույնիսկ կարող եմ ասել, թե որ շինության վրա որ շինարարներն են աշխատել: Գյումրին Ստեփանակերտից լավ գիտեմ», - կատակեց Քոչարյանը:
«Մենք գալիս ենք այդ կիսատ գործը շարունակելու համար, ձեր կյանքը բարելավելու համար: Վստահ եղեք, որ երբ խոսում ենք Հայաստանի զարգացման մասին, խոսում ենք տարբեր մարզերի համաչափ զարգացման մասին: Ինձ համար հաճելի էր լսել, որ Գյումրին դառնում է տուրիստական կենտրոն, եւ դուք իսկապես ունեք այդ ներուժը», - ընդգծեց նախկին նախագահը: Նշենք, որ այդ ներուժը սկսել է զարգանալ նախկին վարչապետ Կարեն Կարապետյանի մեկնարկած ծրագրերի շնորհիվ:
Նա հավելեց, որ այսօր իր կողմից հարգված մի մարդ ասաց, որ ամաչում է պետության առաջին դեմքի համար: «Ես էլ եմ ամաչում: Այդպես լինում է, եթե տանը հիմարիկ է ապրում, ամբողջ տունը ամաչում է նրա համար: Եւ մենք կթողնե՞նք այս խայտառակությունը: Ազատենք երկիրն այս խայտառակությունից: Մեր նպատակը արժանապատիվ խաղաղությունն է, պաշտպանված սահմանները, գործընկերների հետ ամուր հարաբերությունները, տնտեսական վերելքը, միգրացիայի դադարեցումը։ Այն, ինչ այժմ տեղի է ունենում, երկրից փախչել է, ոչ թե միգրացիա»,- ասաց Քոչարյանը:
Նա բոլորին առաջարկեց միասին քայլ կատարել: «Այս բառն էլ փչացրին»,- կեսկատակ նկատեց նախկին նախագահը (քայլը վարչապետի պաշտոնակատար Փաշինյանի թիմի կարգախոսի հիմնական մասն է - խմբ.):
«Բոլորս միասին քայլ անենք՝ երկրի համար հնարավորությունների նոր դուռ բացելու համար: Բոլորս միասին դեպի ուժեղ Հայաստան»,- կոչ արեց Քոչարյանը:
Հանդիպման ավարտին Ռոբերտ Քոչարյանը զրուցեց գյումրեցիների հետ, ստորագրություններ տվեց եւ լուսանկարվեց: