Բոլոր կարգախոսները, որոնք 2018 թվականին առաջ են քաշվել գործող իշխանության կողմից, դոմինոյի պես փլվում են․ Ռոբերտ Քոչարյան
Հայաստանի Հանրապետության նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանը կարծում է, որ բոլոր կարգախոսները, որոնք 2018 թվականին առաջ են քաշվել գործող իշխանության կողմից, դոմինոյի էֆեկտ ունեն։
Այս մասին Քոչարյանը հայտնել է «ՌԻԱ Նովոստի» լրատվական գործակալությանը, «Սպուտնիկ Արմենիա»-ին և RT-ին տված հարցազրույցի ընթացքում։
«Գիտեք, ամենահետաքրքիրն այն է, որ նրանք իշխանության եկան օլիգարխիայի դեմ պայքարի և բիզնեսը քաղաքականությունից զատելու կարգախոսի ներքո: Իրականում նրանք շատ գեղեցիկ կարգախոսներ ունեին: Դավաճանեցին բացարձակապես ամեն ինչը», - ասել է Քոչարյանը։
Ըստ նախկին նախագահի՝ ամենավերջին դավաճանություններից մեկն էլ նախընտրական ցուցակում ոչ «ամենամաքուր» օլիգարխներին ընդգրկելն է։ Նա նշել է, որ կարգախոսները, որոնք մարդկանց զանգվածային ցույցերի են հանել, մեկ առ մեկ քանդվել են։