Սահակաշվիլին հայտնել է իրեն քաղաքացիություն տրամադրելու եվրոպական երկրների պատրաստականության մասին
Վրաստանի նախկին նախագահ, Օդեսայի նախկին նահանգապետ Միխայիլ Սահակաշվիլին ասել է, որ մի քանի եվրոպական երկրներ իրեն քաղաքացիություն տրամադրելու պատրաստականութուն են հայտնել, սակայն ինքը հրաժարել է այդ առաջարկություններից եւ պատրաստվում է Ուկրաինա վերադառնալ։ Այս մասին Սահակաշվիլին գրել է Facebook-ի իր էջում:
«Ինչպես գիտեք, սեպտեմբերի10-ին ես որոշել եմ Ուկրաինա վերադառնալ։ Շատերն ինձ խորհուրդ չեն տալիս դա անել։ Ես եվրոպական մի քանի երկրներից քաղաքացիություն ստանալու առաջարկություններ եմ ստացել. այստեղ ես առանց գործի չեմ մնա։ Բայց ես հիշում եմ՝ ինչպես ժամանակին օլիգարխ Իվանիշվիլին իմ դեմ քրեական գործեր հարուցեց, որպեսզի չկարողանա մասնակցել Վրաստանի քաղաքական կյանքին։ Հենց այդպես էլ Պորոշենկոն է վարվել եւ ինձ սպառնում է Վրաստան վերադարձնել։ Մինչ հանդիպում ուկրաինա-լեհական սահմանին»,-հայտարարել է Սահակաշվիլին։
Օգոստոսի 12-ին Սահակաշվիլին վերջնագիր է ներկայացրել Ուկրաինայի իշխանություններին՝ կամ իրեն են վերադարձնում երկրի քաղաքացիությունը, «կամ ես ձեզ ցույց կտամ»։