Սիրիայում մեկ հոգով տասը հոգու էի պահում, Հայաստանում երեք հոգով աշխատելով հազիվ գոյատեւում ենք
Սիրիահայ տաքսիստը աստիճանաբար հարմարվում է երեւանյան երթեւեկությանը, բայց տարեց վարորդին առավել շատ մտահոգում է այն սոցիալ-տնտեսական եւ բարոյա-հոգեբանական մթոնոլորտը, որ տիրում է Հայաստանում:
Նեղսրտում է, որ ամեն ինչ թողել է Սիրիայում եւ հաստատվել հայաստանում, եւ երբ ակնարկում ենք, որ լավ կլինի, որ աշխարհով մեկ սփռված հայերը հավաքվեն, բնակվեն Հայաստանում, բարկացած ասում է. «Լինող բան չէ»:
Ինչո՞ւ: Ամեն ինչ շատ պարզ է: Սիրիահայը շատ պարզ բացատրում է: «Հասկանո՞ւմ ես, Սիրիայում ես աշխատում էի եւ պահում տասը հոգանոց ընտանիքս եւ դեռ մի բան էլ փող էի կուտակում: Հինգ տարի է Հայաստանում ենք, աշխատում ենք երեք հոգով, բայց միայն ծայրը ծայրի ենք հասցնում: Հիմա դու ասում ես հայերը հաստատվեն Հայաստանում: Ինչպե՞ս»:
Սիրիահայը ասում է, որ 90 հազար դրամ վճարում են վարձով տանը, իսկ կոմունալ վճարները ձմռանը անցնում են հարյուր հազարի սահմանը: «Լինող բան է, որ տան վարձն ավելի քիչ է, քան կոմունալ վճարները»,- զայրացած հարցնում է նա:
«7-8 ամիս հետո Հալեպում ամեն ինչ կարգին կլինի:Հիմա արդեն սկսել է նորմալանալ եւ շատերը ետ կգնան»,- ասում է նա:
Եւ հիմա հարց. միթե ամոթ եւ խայտառակություն չէ, որ այդպես էլ թույլ չենք տալիս, պայման չենք ստեղծում, որ Հայաստանում ապրող եւ աշխատող հայը արժանապատիվ վաստակ ունենա: Ամո՞թ չէ, որ ավերակների վերածված Սիրիան հայի համար ավելի բաղձալի է, քան իր հայրենիքը՝ Հայաստանը:
Իսկ ազգը լուրջ հարցերը, խնդիրները թողած փողոցների անվանափոխման եւ լեզվի աղքատիկության հարց է քննարկում: Լավ, այս հոգեխանգարմունքը, ծերունախտը ե՞րբ է ավարտվելու:
Top-News.am