Կյանքում առաջին անգամ ես կոտրվեցի չարաբաստիկ նոյեմբերի 9-ին. Թամարա Պետրոսյան
«Իրավունքի» զրուցակիցը դերասանուհի Թամարա Պետրոսյանն է:
– Թամարա, ծնվել եք Արցախում: Ամիսներ առաջ Ձեր հարցազրույցներից մեկում նշում եք, որ երբ թեւաթափ ու հուսահատ եք լինում, գնում եք Արցախ: Հիմա Արցախը գրեթե չկա: Կարողանո՞ւմ եք այդ անասելի մեծ ցավին դիմանալ:
– Ցավը ինձանից անկախ մեղմվել է: Հենց այդպիսին է մարդը: Ամեն ինչին ընտելացող… անկախ ներքին պայքարից: Ժամանակի բերումով ամեն բանի ադապտացվում ես: Սկզբնական շրջանում ընդհանրապես չէի համակերպվում: Հետո հանգեցի այն համոզմունքին, որ, ցավոք, լավ է գոնե ինչ- որ բան մնաց Արցախից: Կատարվածին համակերպվել չի նշանակում` դադարեցնել պայքարը: Ծնունդով Ստեփանակերտից եմ: Հիմա էլ, երբ թեւաթափ եմ լինում, գնում եմ իմ ծննդավայր: Արցախ գնալն ինձ համար մի ուրիշ արարողություն է: Ստեփանակերտ գնալու արարողությունը կիսատ մնաց: Ամեն անգամ Ստեփանակերտ գնալն ուղեկցվում էր Շուշի գնալով, Սուրբ Ղազանչեցոցում մոմ վառելով, սակայն հիմա այդ ամենը մնաց` որպես անցյալի մի գեղեցիկ հուշ: Շուշիում, Հադրութում շատուշատ ընկերներ ու հարազատներ ունեի, բայց, ցավոք, հիմա բավարարվում ենք նրանով, ինչ ունենք:
– Նման ծանր պայմաններում դժվար չէ՞ աշխատել, ստեղծագործել:
– Երբ կորցրինք Արցախը, այդ շրջանում բոլորովին չէի կարողանում աշխատել: Ընդհանրապես չէի կարողանում կատարվածի հետ համակերպվել: Չէի պատկերացնում, որ նորից բեմ կբարձրանամ, կխաղամ, բայց հետո սկսեցի իմ մեջ պատասխաններ փնտրել: Ընկերներիս, ստեղծագործական թիմիս շնորհիվ, նրանց խորհուրդներով, ի վերջո, ուշքի եկա… Չհանձնվեցի:
– Թամարա, հայկական մշակույթը բավականին հարուստ է: Որպես դերասանուհի` ի՞նչ եք կարծում, Հայաստանն այսօր կարելի՞ է համարել մշակութային երկիր:
– Մշակութային` նայած, թե որ ասպեկտում: Մշակույթը եթե դիտարկենք ամենալայն ասպեկտով, ապա բնականաբար, այո, Հայաստանը մշակութային երկիր է: Մենք ունենք հրաշալի ճարտարապետական արժեքներ, թանգարաններ: Ունենք հրաշալի թատերարվեստ ու երգարվեստ: Ոչ մեկի բնությունը մեզանից առավել չէ: Այլ հարց է, որ մեր ունեցածը պահպանել, զարգացնել չենք կարողանում: Պատճառները շատ-շատ են: Ազգային բնագծերի պահպանումից սկսած, վերջացրած սոցիալական խնդիրներով: Հայ ազգը աշխարհին մեծանուն դեմքեր է տվել: Այն խոսում է հենց մեր տեսակի, առանձնահատկությունների մասին:
– Հանդիսատեսը հիմնականում Ձեզ տեսնում է հեռուստաէկրաններից այն կողմ: Հանդես եք գալիս տարբեր նախագծերում, սիթքոմներում եւ այլն: Մերօրյա հեռուստաեթերը Ձեզ դուր գալի՞ս է:
– Հեռուստատեսություն ասվածը շատ եմ սիրում, սակայն հանգամանքների բերում հեռուստացույց նայելու ժամանակ գրեթե չեմ ունենում: Եթե հեռուստատեսությունը դիտարկենք զուտ ֆորմատ, որը պետք է կատարի իր առաջ դրված խնդիրը, ապա պետք է փաստենք, որ, այո, հեռուստատեսությանը հաջողվել է դա անել: Մեծ ջանքեր եմ տեսնում, ինչը ինձ շատ դուր է գալիս : Այսօր կա առողջ մրցակցություն ասվածը, եւ այն բոլորին ստիպում է աշխատել ճիշտ եւ գրանցել հաջողություններ: Առաջ մրցակցությունն այսքան շատ չէր: Հիմա մեր կյանք է ներխուժել համացանցը` Ինստագրամն ու Տիկտոկը:
– Ձեր մասնակցությամբ կա՞ն նոր նախագծեր:
– Այո, կան, բայց դեռ չեմ ցանկանում խոսել այդ մասին: Ուզում եմ հանդիսատեսին անակնկալ մատուցել:
– Ի՞նչ կմաղթեք հուսահատ ու կոտրված արցախցուն:
– Արցախցու կոտրված հոգու մասերը պետք է վերադասավորվեն եւ դառնան ուժ: Կյանքում առաջին անգամ ես ինքս կոտրվել եմ, կոտրվել եմ նոյեմբերի 9-ին, այդ չարաբաստիկ օրը: Հիմա պետք է ուժ գտնենք, կարողանանք ապրել ու արարել: