Ադրբեջանի հետ սահմանազատման աշխատանքներ հնարավոր են, եթե ինչ-որ միջնորդ պետություն լինի. ԱԱԾ նախկին փոխտնօրեն
Նոյեմբերի 9-ից հետո Հայաստանում ձեւավորվել է նոր սահման, որը առաջ չկար՝ Արաքսի ափից մինչեւ Վարդենիսի Սոթքը. Մի քանի հարյուր կմ նոր սահման է ձեւավորվել, որը մինչեւ հիմա ճշտված չի: Այս մասին, այսօր՝ մայիսի 7-ին մամուլի ասուլիսի ժամանակ ի պատասխան NEWS.am-ի հարցի, նշեց «ԱԱԾ պահեստազորի սպաների միություն» ՀԿ անդամ, ԱԱԾ նախկին փոխտնօրեն Արմեն Աբրահամյանը:
«Չենք կարող ասել, թե Հայաստանի 29,8 հազար քառակուսի կմ-ից քանիսն է մնացել, որովհետեւ սահմանը ճշտված չի: Այն, ինչ այսօր կատարվում է սահմանում, ուղղակի սխալ են անում: Սահամագծման եւ սահմանազատման համար պետք է միջպետական հանձնաժողովներ ստեղծվեն՝ ԱԳՆ-ի կուրացիայի տակ, որովհետեւ դա դիվանագիտական աշխատանք է առաջին հերթին; Այդտեղ պետք է լինեն մեր գեոդեզիայի ինստիտուտի աշխատակիցները: Թողնել, որ զինված զինվորականներն րար մեջ սահմանների հարցեր լուծել, սխալ է, որովհետեւ դա կարող է բերել անկանխատեսելի հետեւանքների: Այդ հարցը պետության հարց է, քաղաքական հարց է, այնքան լուրջ հարց է, որ չի կարելի թողնել զինվորականների վրա»,-ասաց նա:
Աբրահամյանը նաեւ հավելեց, որ այս պահին բացարձակ անհնար է ադրբեջանցիների հետ սահմանագծման, սահմանազատման աշխատանքներ կատարելու համար. «Հնարավոր է այդ աշխատանքները կատարել, եթե ինչ-որ մի միջնորդ պետություն լինի: Օրինակ, Ռուսաստանը հանդիսացել է միջնորդ պատերազմի դադարեցման, կարելի էիրենց խնդրել, որ լինեն միջնորդ սահմանների ճշգրտման հարցում»,-ընդգծեց նա:
ԱԱԾ նախկին տնօրենի պաշտոնակատար Միքայել Համբարձումյանն էլ հավալեց. «Իրենք հասկանում են, որ բանակցությունների ճանապարհով դա չի լուծվելու, դրա համար այսպես կամաց-կամաց դիրքերն առաջ են տալիս: Դիրքեր են գրավում, դիրքեր են ամրապնդում մեր լռության պայմաններում»: