Վրաստանի նախագահի նստավայրում տեղի ունեցավ Արմեն Սարգսյանի դիմավորման պաշտոնական արարողությունը պատվո պահակախմբով
Վրաստանի նախագահի նստավայրում այսօր՝ ապրիլի 15-ին, պատվո պահակախմբով տեղի ունեցավ պաշտոնական այցով Վրաստան ժամանած ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի դիմավորման արարողությունը։
Դիմավորման պաշտոնական արարողությունից հետո Հանրապետության նախագահը գրառում է կատարել Վրաստանի նախագահական պալատի պատվավոր հյուրերի գրքում։ «Իմ անկեղծ գոհունակությունն եմ հայտնում Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի հրավերով այսօր կրկին հարևան և բարեկամ Վրաստանում գտնվելու համար: Վստահ եմ, որ այցի արդյունքների հիման վրա առավել կամրապնդենք մեր երկու ժողովուրդների բարեկամությունն' ի բարօրություն մեր ապագա սերունդների»,- գրել է Հայաստանի նախագահը:
Դրանից հետո Արմեն Սարգսյանի և Սալոմե Զուրաբիշվիլիի միջև տեղի է ունեցել առանձնազրույց, քննարկվել են երկկողմ հարաբերությունների օրակարգը, տարբեր ոլորտներում փոխշահավետ համագործակցության ընդլայնման հնարավորություններին վերաբերող հարցեր, անդրադարձ է եղել նաև տարածաշրջանային խնդիրներին ու զարգացումներին:
Սպասվում է նաև հանդիպում ընդլայնված կազմով։
Երեկոյան ՀՀ նախագահի և Նունե Սարգսյանի պատվին կմատուցվի պաշտոնական ընթրիք Սալոմե Զուրաբիշվիլիի անունից։