«Կրեմլի պատի տակ եմ ապրում, իրենց վրա մնացած տներն ուզում են տան մեզ». Ֆիրդուսի բնակիչ (տեսանյութ)
Ֆիրդուսիի տոնավաճառում ճամպրուկային տրամադրություն է: Առեւտրով զբաղվողները հավաքում են իրենց իրերը: «Գնում ենք Հրազդան ստադիոն»,- ասում է Սարգիս Գրիգորյանը:
Ապրանքը հավաքելու համար կոնկրետ ժամկետ քաղաքապետարանը նրանց չի տվել, սակայն գնորդների հոսքը նվազել է։
Մի կին անհանգիստ է. «Բոլորը գիտեն, որ փակել են ֆիրդուսը, ոչ ոք ներս չի մտնում»:
Եթե առեւտրականները տեղափոխվում են այլ շուկաներ, ապա այս թաղամասում ապրողները չեն էլ ուզում մտածել, թե ինչ է սպասվում իրենց: Նրանց տները եւս քանդվելու են. «Ուղղակի տուն են առաջարկում, փողն էլ չեն առաջարկում: Իրենց սարքած տները, որը մնացել է վրաները, ուզում են մեզ տան, բայց իրենք իրավունք չունեն որոշեն, թե մենք որտեղ ապրենք: Տուն չեն առաջարկում, 4 պատ են առաջարկում, մեջը ոչ մի բան: Մնացածը մենք պետք անենք, իսկ այդ հնարավորությունը չունենք»,- ասում է Անահիտ Բուրանյանը:
Իսկ Անահիտ Փխրիկյանի ընտանիքին պատկանող տարածքը կազմում է 2000 քմ։
«Չեմ կարող կոպեկներով տալ՝ Կենտրոն է, Կրեմլի պատի տակ, հրապարակի կենտրոն է, չեմ պատրաստվում նրանց նվիրելու: Մինչեւ նորմալ չբանակցեն, իմ ուզած գինը չտան, չեմ տալու: Մինչեւ Եվրոդատարան կգնամ եւ իմս կպահանջեմ, սա ոչ գողացած է, ոչ էլ կոոպերատիվ առած, սա սեփականություն է, պապենական եկել է»,- ասում է Երեւանի Կենտրոնի բնակիչը:
Նա դեռ առաջարկ չի ստացել, բայց հարեւաններին առաջարկվող գումարի չափը՝ 1 քմ-ի համար 650 ԱՄՆ դոլարը, նրանց չի բավականացնում:
«Ասում են պետության կարիքների համար է, բայց ես ոնց տեսնում եմ, սա պետության կարիքների համար չէ, սա իրենց պետական կարիքների համար է: Իմ տան տեղը կառուցում են հյուրանոց, թող այդ հյուրանոցը տան ինձ: Զարմանում են, բա ես քեզ ոնց եմ 2000 քմ տալիս: 1000 քմ-ի վրա հյուրանոց կառուցի, տուր ինձ»,- առաջարկում է Անահիտ Փխրիկյանը:
Նախագծով նախատեսվում է բավական մեծ՝ 85 մ տրամագծով կլոր հրապարակ, մի շարք նոր փողոցներ, հասարակական և սպասարկման օբյեկտներ, բիզնես կենտրոններ և հյուրանոցներ: Կենտրոնական հրապարակը կունենա մինչև 30-36 մետր բարձրություն:
Ընդհանուր առմամբ՝ նախատեսվում է կառուցապատել շուրջ 200.000 քմ մակերեսով շենքեր եւ շինություններ: Նախագծի ներդրումային ընդհանուր արժեքը կկազմի մոտ 300 միլիոն դոլարին համարժեք դրամ: