Պատերազմից չվերադարձած սաների համար դպրոցում անկյուն է բացվել, որը փայփայում են սրբավայրի պես (տեսանյութ)
Ավետիք Իսահակյանի անվան 16-րդ ավագ դպրոցի շրջանավարտներից մի քանիսը պատերազմից չեն վերադարձել: Հերոսացած սաների համար դպրոցում առանձին անկյուն է բացվել, որը հսկում ու փայփայում են սրբավայրի պես:
«Նույնիսկ այն երեխաները, որ ինչ-որ առիթով իրարից նեղացել ենք, հիմա հիշում եմ, ասում՝ թող այդ երեխաները գային, ինձ 10 անգամ ավելի շատ նեղացնեին», - ասում է դպրոցի տնօրեն Անահիտ Կիրակոսյանը:
Դպրոցի սաներից 16-ը պատերազմից վերադարձել ու այսօր գլուխ են խոնարհում զոհված տղաների նկարների առջև: Զոհվել է նաև դպրոցի նախկին զինղեկը: Շատ են անհետ կորածները: Անահիտ Կիրակոսյանն ասում է՝ վերադարձած տղաներին տեսնելիս աչքերին չի հավատում:
«Կռվից վերադարձած սաներս որ գալիս են, շոշափում եմ, չեմ կարողանում հավատալ, որ վերադարձել են: Շատ դժվար օրեր էին: Պատերազմի 44 օրը մենք մաքառել ենք մեր երեխաների հետ: Որոշներից ընդհանրապես լուր չունեինք: Ամեն կերպ փորձում էինք գոնե տեղեկություն ստանալ մեր սաներից», -ասում է դպրոցի տնօրենը:
Զոհված տղաների ծնողներն իրենց զավակների մասին խոսելու բառեր ու ուժ չեն գտնում:
«Ինչ ասես, եթե ասելու բան էլ չկա: Մեկը մեկից խելացի, մեկը մեկից տաղանդավոր: Բոլորն էլ երազանքներ ունեին, որոնք իրենցից գողացան տգետ ու անհայրենիք իշխանությունները: Այս պատերազմը չպիտի լիներ: Մենք կարող էինք կանխել այս պատերազմը, եթե իշխանությունները մի քիչ սիրեին հայրենիքը», - ասում է զոհված Աբգար Նազարյանի հայրը՝ Գեղամ Նազարյանը:
Գեղամ Նազարյանի որդին՝ 18-ամյա Աբգար Նազարյանը 2 ամսվա զինծառայող է եղել:
«Երբ երկու ամսվա զինծառայող տղան դառնում է դիպուկահար ու կանգնում առաջնագծում, կռվում ինչ-որ ահաբեկիչների, անօդաչու թռչող սարքերի դեմ, ես էլ ի՞նչ ասեմ: Դրանով ամեն ինչ ասված է», - որդու մասին ասում է Գեղամ Նազարյանը:
Գեներալ-մայոր Արկադի Տեր-Թադևոսյանը միջոցառումը նայում էր շունչը պահած, աչքերը խոնարհելով: Հետո խոստովանեց՝ պատերազմն անմարդկային բան է:
«Պատերազմով եմ անցել, շատ դժվարություններ եմ տեսել, բայց պատերազմը մարդկային երևույթ չէ: Մարդը չի կարող դա տանել: Ես խոնարհվում եմ ձեր առջև, մեր զոհված զինծառայողների ծնողնե՛ր», -ասում է Արկադի Տեր-Թադևոսյանը:
Պատերազմից վերադարձած սաներին տնօրենը կանչեց ու պատվոգրեր հանձնեց՝ կրկին շոշափելով ու համոզվելով, որ եկել են ու իր կողքին կանգնած են: Անահիտ Կիրակոսյանը խոստանում է՝ հայրենիքին ծառայելու է իր սաների հետ՝ երկրին տալով կիրթ ու խելացի սերունդներ:
Մանրամասները՝ տեսանյութում: