Հայաստանում աշխատելը ինքնասպանության նման մի բան կլինի. Բարսեղ Թումանյան
Բնատուր արտիստիզմ, բարձր ինտելեկտ, փայլուն երգեցողություն, կատարյալ կերպարներ: Չկա մի դեր նրա կատարմամբ, որ լավագույնը չճանաչվի:
Տաղանդավոր մարդն ասում են տաղանդավոր է ամեն ինչում: Բարսեղ Թումանյան անհատը սրա ապացույցն է:
Սիրում է նկարել, ավարտեց երաժշտական տասնամյակի ջութակի բաժինը, երազում էր ճարտարապետի մասնագիտության մասին, սակայն ընտրեց երգեցողությունը և ռոք երգչից ընտրությունը նրան տարավ օպերային բեմ:
«Իմ մուտքը օպերային բեմ շատ սահուն էր,- ասում է աշխարհի լավագույն բասերից մեկը: -Կատարել եմ բոլոր այն դերերը, որոնց մասին երազել եմ: Երգել եմ աշխարհի լավագույն բեմերում ու համերգասրահներում: Մարդն ինքը պետք է իր ճակատագրի տերը լինի, այդ դեպքում նրա երազանքները իրականություն կդառնան»:
«Ափսոսում էի, որ տենոր չեմ, – ասում է, սակայն երբ հասունացա, հասկացա, որ բասը շատ ավելի մեծ պարտականություն ունի իր վրա դրված դերը ճշգրիտ կատարելու համար, քանի որ հիմնականում լուրջ փիլիսոփայական կերպարներ են: Գունոյի «Ֆաուստ» օպերային ներկայացման մեջ Մեֆիստոֆելի դերի լավագույն կատարման համար Ավստրալիայում Բարսեղ Թումանյանը արժանացավ հատուկ մրցանակի:
«Ուսանել եմ Արշավիր Կարապետյանին ու Նեստերենկոյին,
«Լա Սկալայում» իտալական մշակույթը «համտեսեցի», սակայն կարևորը պետք է կարողանալ վերցնել այն, ինչ քեզ տալիս են: Իսկ ընդհանրապես ես սովորում եմ ամեն ինչից և ամենուրեք»։
«Իմ կյանքը անցկացրել եմ աշխարհում շրջելով, երգել եմ համաշխարհային բեմերում, սակայն հոգով կապված եմ միայն Հայաստանի հետ: Բայց այսօր այստեղ աշխատել չեմ ցանկանա՝ սա ինքնասպանության նման մի բան կլինի, քանի որ ինչքան ինձ տրված է, նախընտրում եմ արդյունավետ աշխատել:
Հայաստանին միևնույն է իմ օգուտը բերում եմ, իմ առաքելությունը որպես հայ աշխարհում կատարում եմ», -ասում է Բարսեղ Թումանյանը:
Նրա համար չկա բարձր ու ցածր արվեստ. «Արվեստն ինքնին տիեզերական հասկացողություն է: Կա կրկնվող, այլ խոսքով՝ չկայացած արվեստ, այսինքն՝ այն կապիկությունները, որ այսօր, ցավոք, դոմինանտ են, և կա անկրկնելի, այսինքն՝ իրական, նախադեպը չունեցող արվեստ»:
Բարսեղ Թումանյանի անկրկնելի արվեստը նրա խոսքի իրական ապացույցն է:
Այսօր մեր տաղանդավոր հայրենակցի ծննդյան օրն է: