Հողերն արագ հանձնեցին, գերիներին հետ չբերեցին․ անհետ կորած զինծառայողի մայր
Զանգելանի հատվածից գտած զինծառայողների մարմինները դեռ Հերացի բժշկական կենտրոնում են, ԴՆԹ-փորձաքննության պատասխանների ենք սպասում հասկանալու համար մեր երեխաների մարմինե՞րն են, թե ոչ: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում Էջմիածնի N զորամասի անհետ կորած զինծառայողներից Վարդան Ադոյանի մայրը՝ Անահիտ Ադոյանը:
«14 պարկի մեջ են եղել մարմիները, չգիտենք քանի աճյուն է այնտեղ տեղավորված եղել: Խնդրում եմ նաև ներկայացնել, որ ոչ թե մոխրացած մարմիններ են բերել, այլ հագուստներն են այրված եղել»,- ասաց տիկին Անահիտը:
Նա ընդգծեց, որ իրենց նստացույցի արդյունքում են որոնողական աշխատանքները կատարվել, դրանց նաև ծնողներից մեկն է մասնակցել: «Տեսնենք՝ ԴՆԹ ինչ արդյունքներ կգան, հասկանանք հետագա ինչ գործողություններ ենք անելու»,-ասաց նա:
Էջմիածնի N զորամասի անհետ կորած 3 տասնյակից ավելի զինծառայողների մեջ կան նաև գերեվարվածներ։ Անահիտ Ադոյանը հիշեցրեց, որ որոշ զինծառայողների ծնողները որդիներին տեսել են հակառակորդի տարածած կադրերում, բայց Ադրբեջանը նրանց գերության փաստը չի հաստատում:
«Հողերը արագ հանձնեցին, գերիներին հետ չբերեցին, անհետ կորածների հարցով էլ ինչքան ենք պայքարում, որ գոնե մի գործողություն անեն»,-ասաց նա: