Չորեքշաբթի, 18 Հունվարի 13:56
 ՀԱՅԱՍՏԱՆ  ԼՂՀ  ԱՇԽԱՐՀ  ՓՈՂԵՐ  ՄԱՐԴԻԿ  ԱՌԱՋԸՆԹԱՑ  ԽՃԱՆԿԱՐ 

Սեյրան Օհանյանը շնորհավորել է հայ ժողովրդին

2016-12-31 13:35:54

 Սիրելի՛ հայրենակիցներ, մարտական, զինակից և գաղափարակից ընկերներ

Ավարտին է մոտենում 2016 թվականը՝ լի դժվարին փորձություններով և ծանր դառնություների գնով ձեռք բերված թանկ հաղթանակներով: Վտանգի պահին մենք ականատես եղանք համազգային միավորման ու վերելքի և բռունցք դարձած գոտեպնդվելով՝ անառիկ պահեցինք այն հողը, որ քանիցս ներկվել է մեր մարտական ընկերների, մեր որդիների տաք արյունով:

Մտովի թվարկելով և սրտումս ունենալով Ազատամարտի առաջին օրից մինչև այսօր հանուն հայրենիքի նահատակված քաջ հայորդիներիդ անունները՝ խոնարհվում եմ ձեր պայծառ հիշատակի առաջ: Մենք պատասխանատվություն ենք կրում ձեր կյանքով փրկագնված ամեն մի թիզ հողի համար: Այսօր սահմանին կանգնած ձեր ընկերները շարունակում են ձեր սրբազան գործը:

Սիրելի՛ զինակից ընկերներ՝ սահմանին կանգնած սպաներ ու զինվորներ, մեր բոլորի սրտերը, հույզերը, մտքերը ձեզ հետ են: Ու թեև դուք չեք բարձրաձայնում ձեր խիզախության, ամենօրյա սխրանքների մասին, սակայն ես լավ գիտեմ՝ ինչպիսի դժվարությամբ, բայց նաև շատ բարձր պատասխանատվությամբ եք կատարում ձեր ծառայությունը՝ լուռ և հպարտ պահպանելով մեր Հայրենիքի անառիկությունը, հսկելով մեր ընտանիքների, ծնողների և երեխաների անվտանգությունը:

Օրեր անց մենք կթևակոխենք 2017 թվական: Ինձ համար սպասելիքները և ծրագրերը հստակորեն ուրվագծված են: Հայաստանի տնտեսությունը կարիք ունի արմատական բարեփոխումների, քաղաքական հարաբերությունները՝ որակական նոր մակարդակի բարձրացման և կառուցողական վերադասավորումների, անվտանգության համակարգը՝ առավել հզորացման: Այս ամենին զուգահեռ՝ արդարության առավելագույնս հաստատումը վստահության ալիք կառաջացնի մեր հասարակության շրջանում:

Մի քանի ամիս հետո տեղի են ունենալու խորհրդարանական ընտրություններ, որոնց դերն ու նշանակությունը մեծապես տարբերվում են նախորդ ընտրություններից. մեզ սպասվում են նախագահականին հավասարազոր ընտրություններ, որոնց արդյունքում ձևավորվելու է ինչպես օրենսդիր, այնպես էլ գործադիր իշխանությունը:

Կարևոր է գիտակցել, որ յուրաքանչյուրիս քվեից է կախված մեր պետության հետագա ընթացքը: Յուրաքանչյուրիս քվեից է կախված՝ կզարգանա՞ տնտեսությունը, թե կշարունակի դոփել նույն տեղում, կվերականգնվի՞ արդարությունը, մեր հայրենակիցների ընտանքիները կմնա՞ն Հայրենիքում, թե կբռնեն արտագաղթի ճանապարհը: Եվ ի վերջո, հակառակորդը կգնա՞ ռազմական արկածախնդրության, թե կընտրի խաղաղ կարգավորման ճանապարհը:
Եկել է իրական գործողությունների, իրական արդյունքների և ձեռքբերումների ժամանակը: Պետք են նոր լուծումներ, նոր համարձակ քայլեր: Մենք հապաղելու ժամանակ և իրավունք չունենք: Հզոր և արարող ժողովուրդ լինելով՝ 10-միլիոնանոց համաշխարհային հայկական հանրությունը պետք է ունենա միասնական նպատակներ, և ողջ հայության համատեղ ուժերով զարգացնի Հայաստանն ու Արցախը:

Սիրելի՛ հայրենակիցներ, եկե՛ք Ամանորի գիշերը, երբ կղողանջեն ժամացույցի զանգերը՝ ավետելով նոր տարվա սկիզբը, բոլորս Հայաստանում, Արցախում և Սփյուռքում բաժակ բարձրացնենք մեր ստեղծագործող և հողը շենացնող ժողովրդի համար, մեր հերոսական բանակի համար: Մաղթենք, որ գալիք տարում հայ ժողովուրդը ընթանա համազգային երազանքների իրականացման ճանապարհով՝ ավելի հզոր ու անառիկ դարձնելով մեր պապենական ամրոցները՝ Հայաստանն ու Արցախը:

Թող սերը, ջերմությունը, խաղաղ արարումի բերկրանքը չլքեն մեզ: Եվ հավատով տոկուն լինենք՝ պատրաստ միասին կերտելու մեր արժանապատիվ ապագան:

Շնորհավոր Ամանոր և Սուրբ Ծնունդ

Սեյրան Օհանյան



ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԹՈՓ ՎԻԴԵՈՆԵՐ

ԹՈՓ ՖՈՏՈՆԵՐ

ԹՈՓ ՑԻՏԱՏՆԵՐ
 Գյումրին և Վանաձորը չեն կարող իրարից անկախ էական զարգացում ապրել: Խնդիրները պետք է դիտել Հայաստանի երկու խոշոր քաղաքների զարգացման գաղափարախոսության և հստակ ծրագրի մեջ: Մենք համոզված ենք, որ պետք է որպես առաջնահերթ խնդիր դնել խոշոր ռեսուրսների հայթայթումը՝ Գյումրիի և Վանաձորի արտադրական հզորությունների, այդ քաղաքների՝ Հայաստանի և տարածաշրջանի համար պատմական, տնտեսական նշանակության վերականգնման համար:
Մենք չենք կարող մեզ թույլ տալ հայ-թուրքական սահմանին այսօրվա չքավորության, ծանր սոցիալական պայմաններում ապրող Գյումրի: Սա պետական անվտանգության խնդիր է: Գյումրին պետք է լինի արագ զարգացող, տնտեսապես գրավիչ, կենսունակ քաղաք:

Վարդան Օսկանյան
«Համախմբում» կուսակցության նախագահ

Գյումրի, 26.08.2016թ.
Այնպիսի տպավորություն է, որ Հայաստանը ղեկավարություն չունի կամ նույն այդ ղեկավարությունը չի նկատում ժողովրդին: Այս էլ որերորդ անգամ երկրի առաջին դեմքերը լռում են եւ ոչինչ չեն ասում: Լռում է Սերժ Սարգսյանը, Գալուստ Սարգսյանը, Հովիկ Աբրահամյանը: Լռում են այնպես, ինչպես ապրիլյան արյունալի մարտական գործողությունների ժամաբնակ, ինչպես մյուս բոլոր կարեւոր իրադարձությունների ժամանակ: Լռում են, հետո զարմանում, թե ինչու ժողովուրդն իրենց չի վստահում կամ չի աջակցում: Այսքանից հետո ինչպես աջակցի:

«Համախմբում» կուսակցության վարչության անդամ Գեղամ Նազարյան

18.07.2016թ.

 Բարի մարդկանց կարիքը կա, որ գործնականում օգնեն մարդկանց, կարիքը կա ավելի արդար հասարակության, որտեղ յուրաքանչյուրը կարողանա արժանավայել կյանք վարել եւ արդարորեն հատուցվող աշխատանք ունենա:

Հռոմի պապ Ֆրանցիսկոս
Հայաստան, Գյումրի, 25.06.2016թ.
Չեմ բացառում Արցախի անկախության ճանաչումը եւ կարծում եմ, որ բանակցային գործընթացի հետ կապված Ադրբեջանի կեցվածքը ուղղակի պարտադրում է հայկական կողմին այս հարցերում ավելի վճռական քայլերի դիմել: Ինչպիսին կլինեն այդ քայլերը՝ անկախության ճանաչո՞ւմ, թե՞ պայմանագրի ստորագրում. դա պետք է որոշի հաջորդ նախագահը եւ կառավարությունը:
Այս տասը տարվա ընթացքում երկու անգամ նման իրավիճակներ ունեցել եմ: Եւ եթե այն ժամանակ կտրուկ մոտեցումներ չձեռնարկեի, ապա շատ հավանական է, որ բանակցային գործընթացը շատ անբարենպաստ ձեւով շարունակվեր Հայաստանի համար: Չեմ կարծում, որ այդպես է: Իսկ եթե նույնիսկ այդպես է, ապա չպետք է վախենանք եւ այդ սպառնալիքի տակ գնանք ինչ-որ զիջումների:

ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյան
Ապրիլ 2008թ.
Կարելի է պնդել, որ Հայաստանում արդեն իսկ կան բազմաթիվ կուսակցություններ, որոնք կիսում կամ հնչեցնում են նմանատիպ մտահոգություններ, սակայն նշված խնդիրների իրագործումը ներկայիս քաղաքական դաշտը դեռևս չի կարողացել ապահովել: Հետևաբար, ողջունելի է նոր ուժը, որ կարող է այս տագնապալի ներքաղաքական և աշխարհաքաղաքական իրավիճակում կատարել 70 տոկոս աղքատություն ունեցող հասարակության չարդարացված սպասումներն ու վերականգնել հարյուր հազարավոր արտագաղթածների կորսված հույսերը:
Այսպիսով, քաղաքական նոր կուսակցության արդյունավետ գործողությունների հետևանքով կարող է տեղի ունենալ իրական ՀԱՄԱԽՄԲՈՒՄ:

ՀՀ Մարդու իրավունքների նախկին պաշտպան Կարեն Անդրեասյանի ՖԲ էջից 

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ
Top-News.am (c) 2011. Բոլոր իրավունքները պաշտպանված են: Էլեկտրոնային հասցե` [email protected]

Designed by Arevik Martirosyan
Created by Rudolf Perikhanyan