Չորեքշաբթի, 18 Հունվարի 14:00
 ՀԱՅԱՍՏԱՆ  ԼՂՀ  ԱՇԽԱՐՀ  ՓՈՂԵՐ  ՄԱՐԴԻԿ  ԱՌԱՋԸՆԹԱՑ  ԽՃԱՆԿԱՐ 

«Դեռ չե՞ս տեսել Արարատը, մեծ բան ես կորցրել»

2017-01-11 12:31:49

Ինդոնեզական հայտնի TEMPO ամսագրում Հայաստանի և Արցախի մասին հոդվածներ են հրապարակվել, որոնք հայերեն թարգմանությունները ներկայացնում է ՀՀ ԱԳՆ-ի լրատվական բաժինը:

Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրն առ այսօր շարունակում է չլուծված մնալ: Նախկինում ԽՍՀՄ մաս հանդիսացող Լեռնային Ղարաբաղը տևական էթնիկ հակամարտության թատերաբեմ է՝ շատերի բնորոշմամբ ամենասուր հակամարտությունը Հարավային Կովկասում: Այսօր Լեռնային Ղարաբաղ այցելող արտասահմանցիները կոշտ վերաբերմունքի են արժանանում Ադրբեջանի կողմից. նրանց մուտքն Ադրբեջան արգելվում է: Այնուամենայնիվ Տեմպոյի լրագրող Ֆամեգա Պուտրին հոկտեմբերի կեսին այցելել էր Հայաստան և Լեռնային Ղարաբաղ: Կից ներկայանում ենք նրա հեղինակած հոդվածը որոշ կրճատումներով։ Դարեր շարունակ Լեռնային Ղարաբաղը կռվախնձոր է եղել հայ քրիստոնյաների և Թուրքիայի ու Պարսկաստանի հովանավորությունը վայելող մահմեդականների միջև: Առաջին համաշխարհային պատերազմից հետո Խորհրդային Միությունը Լեռնային Ղարաբաղը ինքնավար մարզի կարգավիճակով միացրեց Ադրբեջանին, թեև Լեռնային Ղարաբաղի բնակչության մեծամասնությունը հայերն էին կազմում:

1980-ականների վերջին ԼՂԻՄ մարզային խորհուրդը Հայաստանի հետ վերամիավորվելու ցանկությունն արտահայտող որոշում ընդունեց, իսկ որոշ ժամանակ անց հռչակվեց Լեռնային Ղարաբաղի անկախությունը: Այս ամենին հաջորդած պատերազմին զոհ գնացին տասնյակ հազարավոր մարդիկ, հարյուր հազարավորներն էլ դարձան փախստական: Թեև կնքվել է զինադադարի մասին պայմանագիր, հրադադարի ռեժիմի խախտման արդյունքում թե՛ Ադրբեջանի, թե՛ Լեռնային Ղարաբաղի կողմից լինում են զոհեր: Միևնույն ժամանակ մայրաքաղաք Ստեփանակերտում բնականոն կյանք է եռում. խանութները լի են ֆիրմային հագուստներով, քաղաքի շուկան՝ թարմ մրգերով, իսկ Ստեփանակերտի դպրոցներ հաճախող կենսախինդ երեխաները ողջունում են ինձ: Ստեփանակերտի մաքուր և կոկիկ կենտրոնն իր լայն պողոտաներով ու մայթուղիներով հիշեցնում է եվրոպական մի քաղաք, սակայն ի տարբերություն եվրոպական քաղաքների՝ Ստեփանակերտի փողոցներով քայլում են երիտասարդ զինվորներ:
Եթե ինդոնեզական Աչեհում ամեն կիլոմետրի վրա անձի ինքնությունը ստուգող կետեր են տեղակայված, Ստեփանակերտում նման կետեր չկան: Եվ թեև փողոցներում զինվորները շատ են, նրանց մեծ մասը զենք չի կրում: Ղարաբաղից վերադառնալուց մի քանի օր անց Երևանում ես տեղեկացա սահմանում հրադադարի ռեժիմի հերթական խախտման մասին, որը հանգեցրել էր զոհերի: Հոկտեմբերի 28-ին առաջնագծում զոհվել էր հայ զինծառայող Գուրգեն Այվազյանը: Ըստ հաղորդման՝ ադրբեջանական կողմը դիմել էր սադրիչ գործողությունների՝ կիրառելով նռնականետներ: Ինչպես նշեց ինձ ուղեկցող երթուղային տաքսու վարորդը, քանի դեռ կան երկկողմ զոհեր, պատերազմում չկան հաղթողներ: Երևանում բոլորը ինձ հարցնում էին. «Դեռ չե՞ս տեսել Արարատը…

Մեծ բան ես կորցրել»: Արարատը հայերի հպարտությունն ու պարծանքն է, այն ազգային խորհրդանիշ է: Այսօր Արարատ լեռը գտնվում է Թուրքիայի տարածքում, և այն իր ողջ գեղեցկությամբ տեսնելու մի վայրը Խոր Վիրապն է. վանք, որ Թուրքիայի հետ սահմանից մեկ կիլոմետր հեռավորության վրա է գտնվում: Նոյյան տապանի իջևանի վայրը համարվող Արարատ լեռը հնուց ի վեր ներկա է եղել Հայաստանի ու հայ ժողովրդի պատմությանը, և նրա մասին բազմաթիվ երգեր ու բանաստեղծություններ են ձոնվել: Երբ անցյալում արհավիրքները հարվածել են Հայաստանին, շատ հայեր ապաստան են գտել Սիրիայում: Այժմ, երբ խորը ճգնաժամի մեջ է գտնվում հենց Սիրիան, սիրիահայերը վերադառնում են հայրենիք: Վերադառնում են այն սիրիահայերը, որոնց նախնիները, մազապուրծ լինելով հայերի դեմ Օսմանյան Թուրքիայի իրականացրած ցեղասպանությունից, ապաստան էին գտել սիրիական քաղաքներում, այդ թվում՝ Հալեպում: Կայծակ Ճապաղջուրյանը այդ հայրենադարձներից մեկն է, ով 4 տարի առաջ լքել է Հալեպը՝ իր ծննդավայրը, իր ընտանիքի՝ հոր, մոր և քրոջ հետ միասին: Մինչ Հայաստան գալը՝ դեռևս 22 տարեկանում, Կայծակը Հալեպում հիմնել էր հացի փուռ: Այսօր Երևանի կենտրոնում Կայծակը ղեկավարում է իր լահմաջոանոցը՝ «Լահմաջո Կայծը»: «Հնարավոր է՝ մի օր ես կվերադառնամ Հալեպ՝ տեսնելու այնտեղ բնակվող հարազատներիս», – ասում է Կայծակը: Կայծակի հորեղբայրներն ու մորաքույրերը դեռ բնակվում են Հալեպում՝ հուսալով, որ պատերազմը մի օր կավարտվի: Եթե անգամ պատերազմն ավարտվի Սիրիայում, Կայծակն այլևս չի ցանկանում վերադառնալ Հալեպ: Նրա հայրը մահացել է երկու տարի առաջ և թաղվել Երևանում: «Հայաստանը մեր տունն է, մենք չենք ուզում հեռանալ»,- ասում է Կայծակը: Կայծակն ու իր ընտանիքի անդամները մեկն են այն հազարավոր սիրիահայերից, որ ապաստանել են Հայաստանում: Թեև Հայաստանը հարուստ երկիր չէ, սիրիացի փախստականներին ընդունելու ցուցանիշով՝ երրորդն է Եվրոպայում՝ զիջելով միայն Գերմանիային ու Շվեդիային:
 





ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԹՈՓ ՎԻԴԵՈՆԵՐ

ԹՈՓ ՖՈՏՈՆԵՐ

ԹՈՓ ՑԻՏԱՏՆԵՐ
 Գյումրին և Վանաձորը չեն կարող իրարից անկախ էական զարգացում ապրել: Խնդիրները պետք է դիտել Հայաստանի երկու խոշոր քաղաքների զարգացման գաղափարախոսության և հստակ ծրագրի մեջ: Մենք համոզված ենք, որ պետք է որպես առաջնահերթ խնդիր դնել խոշոր ռեսուրսների հայթայթումը՝ Գյումրիի և Վանաձորի արտադրական հզորությունների, այդ քաղաքների՝ Հայաստանի և տարածաշրջանի համար պատմական, տնտեսական նշանակության վերականգնման համար:
Մենք չենք կարող մեզ թույլ տալ հայ-թուրքական սահմանին այսօրվա չքավորության, ծանր սոցիալական պայմաններում ապրող Գյումրի: Սա պետական անվտանգության խնդիր է: Գյումրին պետք է լինի արագ զարգացող, տնտեսապես գրավիչ, կենսունակ քաղաք:

Վարդան Օսկանյան
«Համախմբում» կուսակցության նախագահ

Գյումրի, 26.08.2016թ.
Այնպիսի տպավորություն է, որ Հայաստանը ղեկավարություն չունի կամ նույն այդ ղեկավարությունը չի նկատում ժողովրդին: Այս էլ որերորդ անգամ երկրի առաջին դեմքերը լռում են եւ ոչինչ չեն ասում: Լռում է Սերժ Սարգսյանը, Գալուստ Սարգսյանը, Հովիկ Աբրահամյանը: Լռում են այնպես, ինչպես ապրիլյան արյունալի մարտական գործողությունների ժամաբնակ, ինչպես մյուս բոլոր կարեւոր իրադարձությունների ժամանակ: Լռում են, հետո զարմանում, թե ինչու ժողովուրդն իրենց չի վստահում կամ չի աջակցում: Այսքանից հետո ինչպես աջակցի:

«Համախմբում» կուսակցության վարչության անդամ Գեղամ Նազարյան

18.07.2016թ.

 Բարի մարդկանց կարիքը կա, որ գործնականում օգնեն մարդկանց, կարիքը կա ավելի արդար հասարակության, որտեղ յուրաքանչյուրը կարողանա արժանավայել կյանք վարել եւ արդարորեն հատուցվող աշխատանք ունենա:

Հռոմի պապ Ֆրանցիսկոս
Հայաստան, Գյումրի, 25.06.2016թ.
Չեմ բացառում Արցախի անկախության ճանաչումը եւ կարծում եմ, որ բանակցային գործընթացի հետ կապված Ադրբեջանի կեցվածքը ուղղակի պարտադրում է հայկական կողմին այս հարցերում ավելի վճռական քայլերի դիմել: Ինչպիսին կլինեն այդ քայլերը՝ անկախության ճանաչո՞ւմ, թե՞ պայմանագրի ստորագրում. դա պետք է որոշի հաջորդ նախագահը եւ կառավարությունը:
Այս տասը տարվա ընթացքում երկու անգամ նման իրավիճակներ ունեցել եմ: Եւ եթե այն ժամանակ կտրուկ մոտեցումներ չձեռնարկեի, ապա շատ հավանական է, որ բանակցային գործընթացը շատ անբարենպաստ ձեւով շարունակվեր Հայաստանի համար: Չեմ կարծում, որ այդպես է: Իսկ եթե նույնիսկ այդպես է, ապա չպետք է վախենանք եւ այդ սպառնալիքի տակ գնանք ինչ-որ զիջումների:

ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյան
Ապրիլ 2008թ.
Կարելի է պնդել, որ Հայաստանում արդեն իսկ կան բազմաթիվ կուսակցություններ, որոնք կիսում կամ հնչեցնում են նմանատիպ մտահոգություններ, սակայն նշված խնդիրների իրագործումը ներկայիս քաղաքական դաշտը դեռևս չի կարողացել ապահովել: Հետևաբար, ողջունելի է նոր ուժը, որ կարող է այս տագնապալի ներքաղաքական և աշխարհաքաղաքական իրավիճակում կատարել 70 տոկոս աղքատություն ունեցող հասարակության չարդարացված սպասումներն ու վերականգնել հարյուր հազարավոր արտագաղթածների կորսված հույսերը:
Այսպիսով, քաղաքական նոր կուսակցության արդյունավետ գործողությունների հետևանքով կարող է տեղի ունենալ իրական ՀԱՄԱԽՄԲՈՒՄ:

ՀՀ Մարդու իրավունքների նախկին պաշտպան Կարեն Անդրեասյանի ՖԲ էջից 

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ
Top-News.am (c) 2011. Բոլոր իրավունքները պաշտպանված են: Էլեկտրոնային հասցե` [email protected]

Designed by Arevik Martirosyan
Created by Rudolf Perikhanyan