Երեքշաբթի, 17 Հունվարի 16:54
 ՀԱՅԱՍՏԱՆ  ԼՂՀ  ԱՇԽԱՐՀ  ՓՈՂԵՐ  ՄԱՐԴԻԿ  ԱՌԱՋԸՆԹԱՑ  ԽՃԱՆԿԱՐ 

Հայաստանը զարգացնենք, որպեսզի լուծենք Արցախի հարցը

2016-12-27 12:45:02

ՀՀ ՊՆ նախկին նախարար Սեյրան Օհանյանը, որն արդեն իսկ հայտարարել է քաղաքական գործընթացներին ակտիվ մասնակցություն ունենալու մտադրության մասին, ֆեյսբուքյան իր էջում բավական ուշագրավ գրառում է կատարել, որում անդրադաձել է ղարաբաղյան հակամարտությանը։

Եզակի դեպք է, երբ քաղաքական հավակնություններ ունեցող գործիչը համարձակվում է անդրադառնալ արցախյան խնդրին: Սա արդեն իսկ վկայում է Սեյրան Օհանյանի քաղաքական լրջության մասին:

Մեր հասարակությունը համառորեն ցանկանում է իմանալ, թե այս կամ այն քաղաքական ուժը, քաղաքական գործիչն ինչպես է տեսնում Արցախի խնդրի լուծումը, սակայն եզակի, մի քանի դեպքերից բացի, այս հարցում հաջողություն չի ունենում: Քաղաքական կուսակցությունների եւ գործիչների ճնշող մեծամասնությունն Արցախի խնդրին անդրադառնում է կենացային մակարդակով, ինչը ոչ միայն անընդունելի է, այլ նաեւ վտանգավոր:

Կենացային մակարդակով Արցախի խնդրի մասին խոսողները անգամ հավակնում են իշխանության: Ավելին, իշխանության գտնվողներն անգամ պատկերացում չունեն, թե ինչպես են տեսնում Արցախի խնդրի կարգավորումը: Եթե այս առնչությամբ հայտարարություններ լինում էլ են, ապա մի հայտարարությունը, ավելի ճիշտ, մի կենացը հակասում է մյուսին, եւ այսպես շարունակ:

Իսկ հիմա Սեյրան Օհանյանը տասը կետերով անդրադարձել է արցախյան հիմնախնդրին: Այժմ կանգ չառնենք բոլոր կետերի վրա, այլ անդրադառնանք միայն մեկին՝ 3-րդին: Սեյրան Օհանյանը շեշտում է, որ Արցախի հարցը ոչ թե խոչընդոտ է զարգացող ու անվտանգ հայոց պետականություն ունենալու ճանապարհին, այլ ճիշտ հակառակը։ «Տեսակետը, թե Հայաստանը չի կարող զարգանալ առանց Ղարաբաղյան խնդրի շուտափույթ լուծման, ֆունդամենտալ սխալ է կամ անկեղծ մոլորության հետևանք։ Այն ոչ միայն հեռու է իրականությունից (մենք չկարգավորված հակամարտության պայմաններում երկար տարիներ ունեցել ենք երկնիշ տնտեսական աճ, ինչպես նաև արձանագրել ենք ներգաղթ), այլև ուղղակի թուլացնում է Հայաստանի դիրքերը բանակցային գործընթացում։ Ոչ թե Արցախի հարցը ամեն գնով եւ արագ «լուծելով» մենք պետք է ապահովենք Հայաստանի զարգացումը, այլ պետք է Հայաստանը զարգացնենք, որպեսզի լուծենք Արցախի հարցը եւ տևական խաղաղություն ապահովենք: Եվ քանի որ սա համահայկական հարց է, ուստի, պատկերավոր ասած, չի կարելի մի եղբոր հաշվին լուծել մյուս եղբոր խնդիրը: Մենք պարտավոր ենք տեր կանգնել դժվարությամբ եւ արյան գնով ձեռք բերված հաղթանակին ու անկախությանը»,- ընդգծել է պաշտպանության նախկին նախարարը:

Ինչու անդրադարձանք հենց այս կետին: Անդրադարձանք, քանի որ ֆեյսբուքյան օգտատերերից մեկը թյուրընկալելով Սեյրան Օհանյանի հայտարարությունը, գրել էր, թե ի՞նչ է, մենք նորանոր խնդիրներ պետք է գտնենք, որ երկիրը զարգանա: Այլ կերպ ասած, նա կարծում է, թե Սեյրան Օհանյանը շեշտում է, ասում է, որ որքան շատ խնդիր, այնքան լավ Հայաստանի համար:

Ընդամենը շեշտենք, որ պատերազմի միջով անցած Սեյրան Օհանյանի մտքով էլ նման բան չէր կարող անցնել: Նա ընդամենն առաջարկում է, ոչ թե ազատվել խնդրից, ամեն գնով գնալով շուտափույթ եւ ոչ ձեռնտու լուծման, այլ զարգացնելով մեր տնտեսությունը, ամրացնելով մեր երկիրը՝ հասնել մի նոր մակարդակի եւ այդ բարձր մակարդակից արդեն մոտենալ խնդրի կարգավորմանը:

Ամեն ինչ շատ պարզ է: Արցախի խնդիր ունեցող երկիրը չի կարող իրեն թույլ տալ ընտրակեղծիքներ, չի կարող իրեն թույլ տալ տնտեսական մենաշնորհներ եւ կոռուպցիա: Երբ ունենանք ազատ եւ արդար ընտրություններով ընտրված իշխանություն, երբ ունենանք առանց մենաշնորհների առողջ տնտեսություն, դրանից կշահենք բոլորս եւ դրանից շահած դուրս կգանք Արցախի խնդրի խաղաղ կարգավորման ժամանակ:

Վերջին հաշվով մի օր աշխարհի գերտերությունները միասնաբար մեզ եւ Ադսրբեջանին պարտադրելու են արագ քայլերով գնալ խաղաղ կարգավորման, եւ այդ պահին որ երկիրը, որ կողմն ավելի հզոր լինի, ավելի ուժեղ եւ ավելի մեծ միջազգային կշիռ ունենա, խնդրի կարգավորմանը կհասնի համեմատաբար ավելի քիչ եւ ոչ ցավալի զիջումներով: Իրոք, ամեն ինչ շատ պարզ է:

Գագիկ Մարտիրոսյան

 



ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԹՈՓ ՎԻԴԵՈՆԵՐ

ԹՈՓ ՖՈՏՈՆԵՐ

ԹՈՓ ՑԻՏԱՏՆԵՐ
 Գյումրին և Վանաձորը չեն կարող իրարից անկախ էական զարգացում ապրել: Խնդիրները պետք է դիտել Հայաստանի երկու խոշոր քաղաքների զարգացման գաղափարախոսության և հստակ ծրագրի մեջ: Մենք համոզված ենք, որ պետք է որպես առաջնահերթ խնդիր դնել խոշոր ռեսուրսների հայթայթումը՝ Գյումրիի և Վանաձորի արտադրական հզորությունների, այդ քաղաքների՝ Հայաստանի և տարածաշրջանի համար պատմական, տնտեսական նշանակության վերականգնման համար:
Մենք չենք կարող մեզ թույլ տալ հայ-թուրքական սահմանին այսօրվա չքավորության, ծանր սոցիալական պայմաններում ապրող Գյումրի: Սա պետական անվտանգության խնդիր է: Գյումրին պետք է լինի արագ զարգացող, տնտեսապես գրավիչ, կենսունակ քաղաք:

Վարդան Օսկանյան
«Համախմբում» կուսակցության նախագահ

Գյումրի, 26.08.2016թ.
Այնպիսի տպավորություն է, որ Հայաստանը ղեկավարություն չունի կամ նույն այդ ղեկավարությունը չի նկատում ժողովրդին: Այս էլ որերորդ անգամ երկրի առաջին դեմքերը լռում են եւ ոչինչ չեն ասում: Լռում է Սերժ Սարգսյանը, Գալուստ Սարգսյանը, Հովիկ Աբրահամյանը: Լռում են այնպես, ինչպես ապրիլյան արյունալի մարտական գործողությունների ժամաբնակ, ինչպես մյուս բոլոր կարեւոր իրադարձությունների ժամանակ: Լռում են, հետո զարմանում, թե ինչու ժողովուրդն իրենց չի վստահում կամ չի աջակցում: Այսքանից հետո ինչպես աջակցի:

«Համախմբում» կուսակցության վարչության անդամ Գեղամ Նազարյան

18.07.2016թ.

 Բարի մարդկանց կարիքը կա, որ գործնականում օգնեն մարդկանց, կարիքը կա ավելի արդար հասարակության, որտեղ յուրաքանչյուրը կարողանա արժանավայել կյանք վարել եւ արդարորեն հատուցվող աշխատանք ունենա:

Հռոմի պապ Ֆրանցիսկոս
Հայաստան, Գյումրի, 25.06.2016թ.
Չեմ բացառում Արցախի անկախության ճանաչումը եւ կարծում եմ, որ բանակցային գործընթացի հետ կապված Ադրբեջանի կեցվածքը ուղղակի պարտադրում է հայկական կողմին այս հարցերում ավելի վճռական քայլերի դիմել: Ինչպիսին կլինեն այդ քայլերը՝ անկախության ճանաչո՞ւմ, թե՞ պայմանագրի ստորագրում. դա պետք է որոշի հաջորդ նախագահը եւ կառավարությունը:
Այս տասը տարվա ընթացքում երկու անգամ նման իրավիճակներ ունեցել եմ: Եւ եթե այն ժամանակ կտրուկ մոտեցումներ չձեռնարկեի, ապա շատ հավանական է, որ բանակցային գործընթացը շատ անբարենպաստ ձեւով շարունակվեր Հայաստանի համար: Չեմ կարծում, որ այդպես է: Իսկ եթե նույնիսկ այդպես է, ապա չպետք է վախենանք եւ այդ սպառնալիքի տակ գնանք ինչ-որ զիջումների:

ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյան
Ապրիլ 2008թ.
Կարելի է պնդել, որ Հայաստանում արդեն իսկ կան բազմաթիվ կուսակցություններ, որոնք կիսում կամ հնչեցնում են նմանատիպ մտահոգություններ, սակայն նշված խնդիրների իրագործումը ներկայիս քաղաքական դաշտը դեռևս չի կարողացել ապահովել: Հետևաբար, ողջունելի է նոր ուժը, որ կարող է այս տագնապալի ներքաղաքական և աշխարհաքաղաքական իրավիճակում կատարել 70 տոկոս աղքատություն ունեցող հասարակության չարդարացված սպասումներն ու վերականգնել հարյուր հազարավոր արտագաղթածների կորսված հույսերը:
Այսպիսով, քաղաքական նոր կուսակցության արդյունավետ գործողությունների հետևանքով կարող է տեղի ունենալ իրական ՀԱՄԱԽՄԲՈՒՄ:

ՀՀ Մարդու իրավունքների նախկին պաշտպան Կարեն Անդրեասյանի ՖԲ էջից 

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ
Top-News.am (c) 2011. Բոլոր իրավունքները պաշտպանված են: Էլեկտրոնային հասցե` [email protected]

Designed by Arevik Martirosyan
Created by Rudolf Perikhanyan