Երեքշաբթի, 17 Հունվարի 16:53
 ՀԱՅԱՍՏԱՆ  ԼՂՀ  ԱՇԽԱՐՀ  ՓՈՂԵՐ  ՄԱՐԴԻԿ  ԱՌԱՋԸՆԹԱՑ  ԽՃԱՆԿԱՐ 

Իրանա-ադրբեջանական հարաբերությունները եւ Իսրայելը

2016-12-22 12:36:45

 Իրանի նախագահ Հասան Ռոհանին մարտի 21-ին ժամանեց Հայաստան: Այցը իր կարեւորությամբ գրավել է ոչ միայն Հայաստանի եւ Իրանի, այլ նաեւ հարեւան երկրների լրատվամիջոցների ուշադրությունը: Այցի նկատմամբ հետաքրքրությունն ավելի մեծացավ Իսրայելի վարչապետ Բենյամին Նաթանյահուիի օրերս Բաքու կատարած այցից հետո: Այց, որն առաջացրեց իրանյան կողմի զայրույթը: Ադրբեջանում վստահ են, որ այս այցով Իրանը պատասխանեց Ադրբեջանին:

Այժմ անդրադառնանք իրանա-ադրբեջանական փոխհարաբերություններին եւ դրանց վրա Իսրայելի ունեցածազդեցությանը:

Իրանա-ադրբեջանական հարաբերություններ, որպես այդպիսին առաջացան միայն 20-րդ դարի վերջում, երբ Ադրբեջանի Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունն 1991թ. անկախացավ ԽՍՀՄ-ից: Մեղմ ասած, Իրանը ոգևորությամբ չընդունեց Ադրբեջանի անկախությունը, քանի որ մտավախություն առաջացավ, որ Իրանի հյուսիսում ապրող ադրբեջանցիների մոտ կակտիվանան անկախական տրամադրությունները:

Իրանում դեռ չեն մոռացել, որ Երկրորդ աշխարհամարտի վերջում և ավարտից հետո Խորհրդային առաջնորդ Ստալինի մտքով անցել էր Իրանի հյուսիսը միացնել Խորհրդային Ադրբեջանին:

Այսուհանդերձ, Իրանը չէր կարող չճանաչել Ադրբեջանի անկախությունը: 1991թ. մարտի 12-ին Իրանն առաջիններից մեկն էր, որ ճանաչեց Ադրբեջանի անկախությունը: Իրանը փորձ արեց իր ազդեցության գոտում պահել Ադրբեջանի նորաստեղծ պետությունը, հույսով, որ ջերմ հարաբերություններ պահպանելով կկանխի Իրանի հյուսիսում ապրող 15 մլն ադրբեջանցիների անկախական տրամադրությունները:

Իհարկե, Ադրբեջանն Իրանի ազդեցության գոտում չհայտնվեց: Իհարկե, Իրանի հյուսիսում անկախական տրամադրությունները չաճեցին, այսուհանդերձ, երկու երկրների հարաբերություններում լարվածությունը մշտապես պահպանվում և պարբերաբար սրվում է:

Իրանին ոչ այնքան նյարդայնացնում է Կասպից ծովի բաժանման հարցում երկու երկրների միջև առկա տարաձայնությունները, ոչ այնքան թուրք-ադրբեջանական ջերմ հարաբերությունները, որքան Ադրբեջանի և Իսրայելի ջերմացող հարաբերությունները:

Իրանի իշխանություններն ամեն ինչ արեցին Ադրբեջանին իրենց ոխերիմ թշնամի երկրից՝ Իսրայելից, հնարավորին չափ հեռու պահելու համար, բայց այս հարցում հաջողության չհասան: Որքան էլ Իրանի առաջնորդները փորձում էին սիրաշահել ադրբեջանցիներին, այսուհանդերձ, հատկապես վերջին տարիներին Ադրբեջանն ավելի ու ավելի է խորացնում հարաբերություններն Իսրայելի հետ:

Իրանի նախկին նախագահ Ահմադինեժադը Բաքվում հայտարարեց, թե տուն է եկել և ոչ թե հարևան երկիր, իսկ Իլահամ Ալիևին՝ Ադրբեջանի նախագահին, դիմում էր, որպես «սիրելի եղբայր», բայց այդ «սիրելի եղբայրը», հակառակ Իրանի խնդրանքներին և կոչերին, գնալով ավելի սերտ հարաբերություններ հաստատեց Իսրայելի հետ:

Ադրբեջանա-իրանական հարաբերությունները բավական յուրահատուկ են, և կողմերը չնայած ունեն ընդհանուր շահեր, բայց հակասությունները և խնդիրներն ավելի շատ են: Երկար ժամանակ ադրբեջանցիներն ապրել են իրանական պետության կազմում և ունեն ոչ միայն ընդհանուր կրոն, այլ նաև ընդհանուր պատմություն: Միաժամանակ այժմ առկա հակասությունները մշտական լարվածության մեջ են պահում պաշտոնական Թեհրանի և Բաքվի փոխհարաբերությունները:

Բաքվում իշխում է այն տեսակետը, թե Թեհրանն ամեն ինչ անում է, որ Ադրբեջանը լինի թույլ պետություն և այդ հարցում, իբր Իրանի թիվ մեկ դաշնակիցը Հայաստանն է: Ադրբեջանում ադրբեջանա-իսրայելյան ջերմացող հարաբերություններն արդարացնում և բացատրում են հայ-իրանական սերտ փոխհարաբերություններով: Ադրբեջանական փորձագիտական շրջանակներում և պետական վարչակազմում գերիշխում է այն համոզմունքը, թե Իրանի համար Հայաստանի հետ ջերմ և սերտ փոխհարաբերությունները ոչ միայն կամուրջ է ծառայում քրիստոնյա Արևմուտքի հետ նորմալ հարաբերություններ պահպանելու համար, այլ միասնական ջանքերով Ադրբեջանին մշտապես նեղելու և ճնշելու համար:

Իրանն էլ չի թաքցնում, որ իր համար անցանկալի է, որ Ադրբեջանը կասպյան նավթահանքերը շահագործելու համար ներգրավի արևմտյան ընկերություններին և բարեկամական հարաբերություններ պահպանի Իսրայելի հետ: Ավելացնենք նաև, որ Իրանում Ադրբեջանն անվանում են Ադրբեջանական Հանրապետություն, ընդգծելով որ հարևան երկիրն իրավունք չունի օգտագործել Ադրբեջան անվանումը, ճիշտ այնպես, ինչպես Հունաստանը չի ընդունում, որ հարևան երկիրն անվանվի Մակեդոնիա:
Բաքվում լավ են հիշում, որ 1919թ. մարտին Փարիզում տեղի ունեցած համաժողովի ժամանակ Իրանի պաշտոնական ներկայացուցիչը պնդել է, որ Պարսկաստանին փոխանցվի Ադրբեջանը, այդ թվում և Բաքուն: Իհարկե, առաջարկը մերժվեց, և արդեն հաջորդ տարվա մարտին Պարսկաստանը պատրաստ էր ճանաչել Ադրբեջանի անկախությունը, բայց ապրիլին Ադրբեջանը խորհրդայնացվեց:

Ադրբեջանա-իրանյան հարաբերությունների նոր փուլը եւ Արցախը

Բնականաբար, ադրբեջանա-իրանական հարաբերությունները, որպես այդպիսին սկսվեցին միայն 1991 թվականից, երբ Թեհրանը ճանաչեց Ադրբեջանի անկախությունը:

Արցախյան խնդրին Իրանում չէին կարող անտարբեր մնալ: Ճիշտ է, Ադրբեջանում իշխում է նաև այն տեսակետը, թե Իրանը բացահայտ աջակցություն է ցուցաբերել հայկական կողմին, այսուհանդերձ, կա տեսակետ նաև, որ Իրանը որոշակի աջակցություն է ցուցաբերել նաև ադրբեջանական կողմին: Մասնավորապես, Արդաբիլում այաթոլա Ալի Խամենեի ներկայացուցիչը հայտարարել էր, թե Իրանը պետք է ռազմական աջակցություն ցուցաբերի Ադրբեջանին: Նա նաև շեշտել է, թե իրենց նախաձեռնությամբ ավտոշարասյուններով ադրբեջանցիներին զենք և զինամթերք է մատակարարվել:

Իրանը նաև պաշտոնապես առաջարկեց իր միջնորդական ծառայությունն Արցախի խնդիրը կարգավորելու համար: 1992թ. մայիսի 9-ին Թեհրանում ստորագրվեց խնդիրը խաղաղ ճանապարհով կարգավորելու մասին համաձայնագիրը: Ի դեպ, նույն օրը հայկական ուժերն ազատագրեցին Շուշին: Այս իրադարձություններից հետո Ադրբեջանում աճեցին հակաիրանական տրամադրությունները: Շատերը Թեհրանին մեղադրեցին հայերի հետ համագործակցելու և միասնական ջանքերով Ադրբեջանի դեմ ուղղված գործողությունների մեջ: Իսկ իրանական թերթերից մեկը գրեց, թե Ադրբեջանի ազգային ճակատը միտումնավոր հանձնեց Շուշին՝ Իրանի միջնորդական առաքելությանը վերջ տալու և երկրում հակաիրանական տրամադրություններ առաջացնելու համար:

1992թ. Լաչինի ազատագրումից հետո Իրանի Թավրիզ քաղաքում թռուցիկներ էին տարածվում՝ կոչ անելով օգնել ադրբեջանցի եղբայրներին, իսկ ոստիկանությունը և Իրանի անվտանգության մարմինները հատուկ միջոցներ էին իրականացնում Թավրիզում և այդ տարածաշրջանում բնակվող հայերի անվտանգությունն ապահովելու համար:

Ադրբեջանում Ազգային ճակատի իշխանության անցնելուց հետո ադրբեջանա-իրանական հարաբերությունները կտրուկ վատթարացան: Ադրբեջանի նախագահ Աբուլֆազ Էլչիբեյը վարում էր ընդգծված հակաիրանական քաղաքականություն: Ի տարբերություն Բաքվի իշխանությունների, Նախիջևանի Ինքնավարության ղեկավար Հեյդար Ալիևը ջերմ հարաբերություններ էր պահպանում Իրանի հետ: Իսկ երբ Էլչիբեյի փախուստից հետո Հեյդար Ալիևը եկավ իշխանության, Իրանի և Ադրբեջանի հարաբերությունները սկսեցին ջերմանալ: Ավելին, Իրանի հոգևոր առաջնորդ Ալի Խամենեին 1993թ. հուլիսին Թավրիզում հայտարարեց, թե Հայաստանի և Ղարաբաղի հայերի իշխանությունները ճնշում են տարածաշրջանի մահմեդականներին և դատապարտեց Ղարաբաղի հայերի իշխանություններին, հույս հայտնելով, որ Իրանի հայերը նույնպես կդատապարտեն այդ քայլերը:

Այսպիսով, Իրանի հոգևոր առաջնորդը փորձում էր Ադրբեջանում Իրանի նկատմամբ ջերմ զգացմունքներ արթնացնել: Ամենայն հավանականությամբ, իրանա-ադրբեջանական հարաբերությունները կարող էին ավելի խորանալ և զարգանալ, եթե Ադրբեջանի ներկայիս նախագահ Իլհամ Ալիևը չսկսեր եղբայրական հարաբերություններ հաստատել Իրանի ոխերիմ թշնամի Իսրայելի հետ:

Ճգնաժամ Իրան-Ադրբեջան հարաբերություններում

Այժմ ադրբեջանա-իրանական հարաբերությունները կրկին լավ օրեր չեն ապրում: Մեկ այս, մեկ այն իրադարձությունը առաջացնում է երկու կողմերի դժգոհությունը: Կարող ենք վստահաբար ասել, որ այսօր Իրանի և Ադրբեջանի հարաբերությունները գտնվում են խորը ճգնաժամում: Կրակի վրա յուղ լցրեց Իսրայելի վարչապետ Բենյամին Նաթանյահուի դեկտեմբերյան այցը Բաքու: Բնականաբար, Իրանի իշխանությունները շատ լուրջ արձագանքեցին Իսրայելի վարչապետի այցին:

Դեռ մինչև Նաթանյահուի Բաքու ժամանելն Իրանի իշխանության ներկայացուցիչները դեմ էին արտահայտվում Իսրայելի վարչապետի այցին: Մասնավորապես, Իրանի նախագահի խորհրդական Ալի Ասքար Սոլթանիեն հայտարարել է, թե Իրանին ավելի քան անհանգստանում է Ադրբեջանի և Իսրայելի մերձեցումը: Իսկ Իրանի խորհրդարանի անդամ Զիաոլլահ Եզազին ԱՆԱՋ գործակալությանը տված հարցազրույցում հայտարարեց, թե Իսրայելի վարչապետի այցը վտանգի մասին զգուշացում է, և որ Իրանը ստիպված կլինի գնահատական տալ տարածաշրջանային վերջին զարգացումներին:

Չլռեց նաև Իրանի հոգևոր իշխանությունը: Իրանի հոգևոր առաջնորդ Ալի Խամենեիի խորհրդական Սեիդ Մահդի Գորեյշին առանց ավելորդ նրբանկատության հայտարարեց, թե Իսրայելի վարչապետի այցն Ադրբեջան Իրանի համար անընդունելի է: Իսկ Խամենեիի Արդաբիլի տեղապահ այաթոլա Սեիդ Հասան Ամելին շեշտել է, թե Իսրայելի համար Ադրբեջանը կարևոր է ոչ ռազմական, ոչ տնտեսական տեսանկյունից, այլ միայն նրա համար, որ Իրանի հարևանն է: Ավելին, Թավրիզում ուրբաթօրյա աղոթքի ժամանակ Մոջթահեդ Շաբեսթարին պահանջել է. «Բաքուն չպետք է թույլ տա, որ Իսրայելի վարչապետը ժամանի Բաքու: Ադրբեջանը հանդիսանում է մահմեդական երկիր, իսկ Իսրայելը իսլամի թշնամին է, հետևաբար, մենք սպասում ենք, որ Ադրբեջանի իշխանությունները կոնկրետ քայլեր կիրականացնեն այդ մարդու այցը Բաքու թույլ չտալու համար»:

Դեռ 2009-ին Իրանը փորձեց Ադրբեջանին ստիպել չեղարկել Իսրայելի նախագահ Շիմոն Պերեսի այցը Ադրբեջան: Իսրայելյան «Մաարիվ» թերթն այն ժամանակ հայտնեց, թե Պերեսի այցից երկու շաբաթ առաջ Բաքու է ժամանել Իրանի ռազմական ուժերի գլխավոր շտաբի պետ գեներալ Հասան Ֆիրուզաբադին և ուղիղ տեքստով պահանջել թույլ չտալ Պերեսին ժամանել Բաքու:

Դեռ այն ժամանակ Բաքուն չլսեց Թեհրանին և ընդունեց Պերեսին: Հիմա Ադրբեջանի և Իսրայելի հարաբերությունները շատ ավելի են զարգացել և բնականաբար, Բաքուն մեծ շուքով դիմավորեց Իսրայելի վարչապետին՝ առաջացնելով Իրանի իշխանությունների դժգոհությունը:

Որքան Իրանը Ադրբեջանին կոչ է անում հեռու մնալ Իսրայելից, այնքան մեծանում է ադրբեջանա-իսրայելյան համագործակցությունը: Բնականաբար, Ադրբեջանն իր շահն է հետապնդում, Իսրայելն՝ իր: Ադրբեջանն Իսրայելից զենք և զինամթերք է գնում: Ըստ ադրբեջանական մամուլի, վերջին տարիներին Ադրբեջանն Իսրայելից հինգ միլիարդ դոլարի զենք է ձեռք բերել: Ինչ վերաբերում է Իսրայելին, ապա այս երկրի թիվ մեկ խնդիրը Ադրբեջանին և Իրանին թշնամացնելն է, ինչն առայժմ այս երկրին հաջողվում է:

Ադրբեջանական կողմն Իսրայելի հետ համագործակցությունն արդարացնում է նրանով, թե այդ երկիրը Մերձավոր Արևելքի միակ ժողովրդավարական երկիրն է, որն ունի հզոր տնտեսություն, և որի հետ համագործակցությունը զարգացման համար անհրաժեշտություն է: Իրականում, Ադրբեջանի համար Իսրայելը զենքի ձեռքբերման շուկա է, և բացի այդ ադրբեջանական կողմը ջանքեր է գործադրում ԱՄՆ-ի իսրայելյան լոբբիստական խմբավորումներն իր շահերին ծառայեցնելու համար:

Իսրայելի հետ հարաբերություններն արդարացնելուց ադրբեջանական կողմը շեշտում է, թե ի տարբերություն Թել Ավիվի, Թեհրանը փորձում է «մեծ եղբոր» դերակատարում ստանձնել, ինչն, իբր առաջացնում է տարածաշրջանի և կենտրոնաասիական երկրների զայրույթը:

Փաստն այն է, որ Իրանը նման մտադրություն չի հայտնել և նման հավակնություններ երբևիցե չի ունեցել: Իրանը պարզապես ցանկանում է սերտ համագործակցություն հաստատել Հարավային Կովկասի և Կենտրոնական Ասիայի երկրների հետ, և ամեն ինչ անում է այդ երկրներին Իսրայելից հեռու պահելու համար: Մասնավորապես, Իրանը 1991թ. ի վեր ջանք ու եռանդ չի խնայել Ադրբեջանին սիրաշահելու համար, բայց մի քանի օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառներից ելնելով Ադրբեջանն իր ձեռքը մեկնում է դեպի Իսրայել, ցինիկաբար Իրանին հասկացնելով, թե այդ երկրից վախենալու ոչինչ չունի: Ադրբեջանում հիշում են, որ 2001թ. Հեյդար Ալիևի հետ հանդիպման ժամանակ Իրանի ներկայիս նախագահ Հասան Ռոհանին իրեն թույլ է տվել սուր քննադատության ենթարկել Ադրբեջանի մերձավորարևելյան քաղաքականությունը: Մասնավորապես, Ռոհանին ասել է, թե փոխանակ Ադրբեջանն աջակցի Պաղեստինին, ջերմ հարաբերություններ է հաստատում Իսրայելի հետ:

Իր հերթին, այս իրավիճակում Իսրայելն ամեն ինչ անում է ադրբեջանա-իրանական հարաբերություններում առկա խնդիրները խորացնելու համար՝ Ադրբեջանին կերակրելով զենքով և լոբբիստական աջակցությամբ: Առայժմ այս իրավիճակից Բաքվում գոհ ու երջանիկ են: Նրանք հասկացնում են, որ, մեղմ ասած, իրենց համար նշանակություն չունի այս հարցում Իրանի դիրքորոշումը, չմոռանալով շեշտել, թե իրենք ադրբեջանա-իրանական հարաբերություններում որևէ խնդիր չեն տեսնում: Մասնավորապես, նման հայտարարություն է արել Ադրբեջանի ԱԳ նախարարության պաշտոնական ներկայացուցիչը:
Այսուհանդերձ, Ադրբեջանը չի թաքցնում, որ Իրանից դժգոհ է նաև նրա համար, որ Թեհրանը գնալով զարգացնում է հարաբերությունները Երևանի հետ:

Այսպիսով, չնայած Իրանի գործադրած ջանքերին նորմալ և ջերմ հարաբերություններ պահպանել Ադրբեջանի հետ, պաշտոնական Բաքվի վարած քաղաքականությունը, և առաջին հերթին Իսրայելի հետ հաստատված եղբայրական կապերը Իրանի իշխանություններին հուշում են արմատապես վերանայել վերաբերմունքը Ադրբեջանի նկատմամբ, դրանից բխող բոլոր հետևանքներով:

Դիանա Նազարյան

ԵՊՀ Արեւալգիտության ֆակուլտետի մագիստարուրայի 1-ին կուրսի ուսանող

Zham.am



ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԹՈՓ ՎԻԴԵՈՆԵՐ

ԹՈՓ ՖՈՏՈՆԵՐ

ԹՈՓ ՑԻՏԱՏՆԵՐ
 Գյումրին և Վանաձորը չեն կարող իրարից անկախ էական զարգացում ապրել: Խնդիրները պետք է դիտել Հայաստանի երկու խոշոր քաղաքների զարգացման գաղափարախոսության և հստակ ծրագրի մեջ: Մենք համոզված ենք, որ պետք է որպես առաջնահերթ խնդիր դնել խոշոր ռեսուրսների հայթայթումը՝ Գյումրիի և Վանաձորի արտադրական հզորությունների, այդ քաղաքների՝ Հայաստանի և տարածաշրջանի համար պատմական, տնտեսական նշանակության վերականգնման համար:
Մենք չենք կարող մեզ թույլ տալ հայ-թուրքական սահմանին այսօրվա չքավորության, ծանր սոցիալական պայմաններում ապրող Գյումրի: Սա պետական անվտանգության խնդիր է: Գյումրին պետք է լինի արագ զարգացող, տնտեսապես գրավիչ, կենսունակ քաղաք:

Վարդան Օսկանյան
«Համախմբում» կուսակցության նախագահ

Գյումրի, 26.08.2016թ.
Այնպիսի տպավորություն է, որ Հայաստանը ղեկավարություն չունի կամ նույն այդ ղեկավարությունը չի նկատում ժողովրդին: Այս էլ որերորդ անգամ երկրի առաջին դեմքերը լռում են եւ ոչինչ չեն ասում: Լռում է Սերժ Սարգսյանը, Գալուստ Սարգսյանը, Հովիկ Աբրահամյանը: Լռում են այնպես, ինչպես ապրիլյան արյունալի մարտական գործողությունների ժամաբնակ, ինչպես մյուս բոլոր կարեւոր իրադարձությունների ժամանակ: Լռում են, հետո զարմանում, թե ինչու ժողովուրդն իրենց չի վստահում կամ չի աջակցում: Այսքանից հետո ինչպես աջակցի:

«Համախմբում» կուսակցության վարչության անդամ Գեղամ Նազարյան

18.07.2016թ.

 Բարի մարդկանց կարիքը կա, որ գործնականում օգնեն մարդկանց, կարիքը կա ավելի արդար հասարակության, որտեղ յուրաքանչյուրը կարողանա արժանավայել կյանք վարել եւ արդարորեն հատուցվող աշխատանք ունենա:

Հռոմի պապ Ֆրանցիսկոս
Հայաստան, Գյումրի, 25.06.2016թ.
Չեմ բացառում Արցախի անկախության ճանաչումը եւ կարծում եմ, որ բանակցային գործընթացի հետ կապված Ադրբեջանի կեցվածքը ուղղակի պարտադրում է հայկական կողմին այս հարցերում ավելի վճռական քայլերի դիմել: Ինչպիսին կլինեն այդ քայլերը՝ անկախության ճանաչո՞ւմ, թե՞ պայմանագրի ստորագրում. դա պետք է որոշի հաջորդ նախագահը եւ կառավարությունը:
Այս տասը տարվա ընթացքում երկու անգամ նման իրավիճակներ ունեցել եմ: Եւ եթե այն ժամանակ կտրուկ մոտեցումներ չձեռնարկեի, ապա շատ հավանական է, որ բանակցային գործընթացը շատ անբարենպաստ ձեւով շարունակվեր Հայաստանի համար: Չեմ կարծում, որ այդպես է: Իսկ եթե նույնիսկ այդպես է, ապա չպետք է վախենանք եւ այդ սպառնալիքի տակ գնանք ինչ-որ զիջումների:

ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյան
Ապրիլ 2008թ.
Կարելի է պնդել, որ Հայաստանում արդեն իսկ կան բազմաթիվ կուսակցություններ, որոնք կիսում կամ հնչեցնում են նմանատիպ մտահոգություններ, սակայն նշված խնդիրների իրագործումը ներկայիս քաղաքական դաշտը դեռևս չի կարողացել ապահովել: Հետևաբար, ողջունելի է նոր ուժը, որ կարող է այս տագնապալի ներքաղաքական և աշխարհաքաղաքական իրավիճակում կատարել 70 տոկոս աղքատություն ունեցող հասարակության չարդարացված սպասումներն ու վերականգնել հարյուր հազարավոր արտագաղթածների կորսված հույսերը:
Այսպիսով, քաղաքական նոր կուսակցության արդյունավետ գործողությունների հետևանքով կարող է տեղի ունենալ իրական ՀԱՄԱԽՄԲՈՒՄ:

ՀՀ Մարդու իրավունքների նախկին պաշտպան Կարեն Անդրեասյանի ՖԲ էջից 

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ
Top-News.am (c) 2011. Բոլոր իրավունքները պաշտպանված են: Էլեկտրոնային հասցե` [email protected]

Designed by Arevik Martirosyan
Created by Rudolf Perikhanyan