Երեքշաբթի, 17 Հունվարի 16:53
 ՀԱՅԱՍՏԱՆ  ԼՂՀ  ԱՇԽԱՐՀ  ՓՈՂԵՐ  ՄԱՐԴԻԿ  ԱՌԱՋԸՆԹԱՑ  ԽՃԱՆԿԱՐ 

Երեք տարբեր Հայաստան

2016-12-19 14:41:01

Ինչպիսին է մեր երկրի տնտեսական վիճակը, ինչպիսին է ժողովրդի իրական կենսամակարդակը: Գոյություն ունի երեք տեսակետ, երեք հիմնական գնահատական: Անդրադառնանք դրանցից յուրաքանչյուրին:

Տնտեսություն՝ ըստ Սերժ Սարգսյանի

Այնպիսի տպավորություն է, որ իրար կողք կողքի գոյատեւում են երկու տարբեր աշխարհներ, միմյանցից տարբերվող տնտեսական վիճակով: Ինչպիսին է Հայաստանի տնտեսությունն ըստ Սերժ Սարգսյանի: Մեկ անգամ եւս ծանոթացեք ՀՀԿ վերջին համագումարում նրա ունեցած ելույթին եւ կտեսնեք, թե ինչ տնտեսական վիճակում է Սերժ Սարգսյանի Հայաստանը:

Այսպես, իր ելույթում նա շեշտեց, թե կառավարության եւ մեր բոլորի ուշադրության թիվ մեկ առարկան, իհարկե, մեր տնտեսությունն է, առկա բոլոր մարտահրավերներին արդյունավետ արձագանքելու եւ երկարաժամկետ սոցիալ-տնտեսական զարգացում ապահովելու գերկարեւորությունը։ Այս հայտարարությունից հետո նա բերեց թվեր, որոնք ապացուցում են, թե մեր երկրի տնտեսությունը, մեղմ ասած, փայլուն վիճակում է:

Դատեք ինքներդ: Սերժ Սարգսյանը հայտարարեց, թե 2007-2015 թվականներին Հայաստանն ապահովել է 29.3 տոկոս իրական տնտեսական աճ, իսկ Արժույթի միջազգային հիմնադրամի գնահատականներով՝ 32 տոկոս աճ, մինչդեռ նույն ԱՄՀ տվյալներով Եվրոպայում այդ ժամանակահատվածում արձանագրվել է 8.9 տոկոս աճ։

Ահա այսպես, մենք 32 տոկոս աճ ենք արձանագրել: Այսպիսին է մեր տնտեսությունը Սերժ Սարգսյանի աչքերում: Եւ սա դեռ ամբողջը չէ: «Եթե 2006 թվականին Հայաստանի արտահանումը կազմել է 985 միլիոն ԱՄՆ դոլար, ապա 2015 թվականին՝ 1 միլիարդ 485 միլիոն, իսկ այս տարվա 9 ամիսներին՝ 1.3 միլիարդ»,- շեշտել է Սերժ Սարգսյանը, որը չի տեսնում, թե 2006-ից մինչ օրս քանի-քանի արտահանողներ դուրս եկան բիզնես դաշտից: Նրա աշխարհում նման խնդիրներ գոյություն չունեն, այլ առկա է միայն առաջընթաց, այն էլ երկնիշ թվերով:

Սերժ Սարգսյանի Հայաստանում 2007-2015 թվականներին աշխատողների իրական աշխատավարձն աճել է 39.2 տոկոսով, կենսաթոշակներն աճել են 3.3 անգամ:

«Իհարկե, հարց է ծագում՝ եթե աշխատավարձերն աճել են, կենսաթոշակն աճել է ու տնտեսությունը նույնպես աճել է, ապա ինչպիսին է մեզ բոլորիս առաջին հերթին հուզող աղքատության վիճակը։ Ազնվորեն պետք է արձանագրենք, որ Հայաստանում աղքատության համեմատաբար ցածր մակարդակը պայմանավորված էր հիմնականում արտագնա աշխատողների եկամուտներով ու դրանցով պայմանավորված սպառմամբ»,- իր ելույթում ասել է Սարգսյանը, ակնհայտորեն փորձելով հանրությանն ապացուցել, թե մինչ իր նախագահությունն աղքատների թիվը փոքր էր բացառապես Ռուսաստանում առկա լավ վիճակով։

Իհարկե, բաց է մնում այն հարցը, թե նման հրաշալի տնտեսական ցուցանիշներ ունեցող երկրի բնակչության աղքատության մակարդակն ինչպես է կախման մեջ ընկնում մեկ այլ երկրի տնտեսության վիճակից: Անհասկանալի է մնում, թե ներկայացրած թվերի մեջ ինչու Սերժ Սարգսյանը չշեշտեց, որ պետական պարտքը 2008-ին ընդամենը 1.9 մլրդ դոլար էր, իսկ անցած տարվա տվյալներով՝ արդեն 5.1 մլրդ:

Եւ կարելի էր նաեւ այս թվերի հորձանուտում ասել, որ օրինակ 2008-ին ծայրահեղ աղքատները կազմում էին բնակչության 1.6 տոկոսը, իսկ այժմ, իսկ ավելի ճիշտ 2014-ին՝ 2.3 տոկոսը, եւ որ Հայաստանում այսօր գրանցված է 29,8 տոկոս աղքատություն։ Այսինքն, այսօր Հայաստանում առնվազն 900 հազար աղքատ մարդ է ապրում, որից 310 հազարը համարվում է չափազանց աղքատ, իսկ 60 հազարը՝ ծայրահեղ աղքատ։ 2008 թ-ին աղքատության մակարդակը կազմել է ընդամենը 27,6 տոկոս:

Տնտեսություն՝ ըստ Կարեն Կարապետյանի

Հայաստանի նորանշանակ վարչապետ Կարեն Կարապետյանն այլ կարծիքի է: Ավելին, նա մեկ առիթով խոստովանեց, որ պաշտոնական վիճակագրության ներկայացրած թվերին որոշ դեպքերում չի վստահում:

Կարեն Կարապետյանն ինչ գնահատական տվեց տնտեսությանը. Մեր տնտեսույան վիճակը ծանր է, չափազանց ծանր: «Որ մենք շատ արագ մեր տնտեսությունը կփոխենք, այս պահին բոլորին ուզում եմ հայտարարել, նման սպասելիքներ չեն լինելու»,- այսպիսի վատատեսական հայտարարությամբ առաջին անգամ վարչապետ Կարեն Կարապետյանը հանդես եկավ խորհրդարանի ամբիոնից: Բնականաբար, եթե վատ չլիներ տնտեսության վիճակը վարչապետ չէր փոխվի, եւ Կարեն Կարապետյանին էլ Հայաստան չէին հրավիրի եւ վարչապետ չէին նշանակի:

«Ես հայտարարել եմ, որ լինելու է երկու փուլային ծրագիր եւ առաջին փուլի մեջ չեն լինելու արագ փոփոխություններ, այլ լինելու են այն քայլերը, որոնք որ մենք կարող ենք մոտ ապագայում անել։ Երկրորդ փուլի համար մեզ պետք է ժամանակ, որպեսզի մենք որոշենք, թե որ ուղղությամբ ենք տանելու մեր երկիրը, եւ սպասելիքներ, որ մենք շատ արագ մեր տնտեսությունը կփոխենք, այս պահին բոլորին ուզում եմ հայտարարել, նման սպասելիքներ չեն լինելու, բայց մենք սիգնալներ ենք տալիս, թե տնտեսությունը, որ ուղղությամբ է զարգանալու», - հայտարարել է վարչապետը։

Հիմա տրամաբանական հարց. եթե տնտեսությունն այնպիսին է, ինչպիսին ներկայացնում է Սերժ Սարգսյանը, ապա վարչապետն ինչո՞ւ է հայտարարում, թե տնտեսությունը ծանր վիճակում է, եւ ինչո՞ւ է ծրագրում արմատապես փոխել իրավիճակը:
Ի դեպ, կառավարության անդամներն էլ չեն մոռանում շեշտել պետության հսկայական պարտքի մասին, շեշտելով, որ այս վիճակում եթե սխալ քայլեր արվեն, ապա իրավիճակն անհամեմատ ավելի ծանր կդառնա:

«Մենք կոնկրետ քայլեր ենք ձեռնարկելու՝ եւ սոցիալական լարվածության իջեցմանն ուղղված, եւ բիզնեսի զարգացման առումով, բայց մենք պետք է հասկանանք, որ կախարդական փայտիկ չկա, եւ այս պահին, ես կարող եմ ասել, որ եթե ուզում ենք մեր տնտեսության մեջ փոփոխություններ անել, պետք է համակարգային փոփոխություններ անել։ Ռեալ մեր տնտեսության վիճակը, բաց, ազնիվ ասում եմ, շատ ծանր է, չափազանց ծանր է»,- ահա այսպիսին է տնտեսությունը Կարեն Կարապետյանի աչքերում։

Տնտեսություն՝ ըստ ժողովրդի

Իսկ տնտեսությունը ժողովրդի աչքերում բոլորովին այլ է: Նույնիսկ ավելի ծանր, քան Կարեն Կարապետյանն է ներկայացնում: Տնտեսության վիճակն այնքան ծանր է, որ ժողովուրդը շարունակում է արտագաղթել: Եւ հավատացեք, արատագաղթում Արցախի խնդիրը եթե դեր էլ խաղում է, ապա չնչին տոկոսով:

Մարդիկ արտագաղթում են հուսահատված, չցանկանալով: Արտագաղթում են, քանի որ աղքատ են եւ չեն տեսնում այն ճանապարհը, որով կհաղթահարեն աղքատությունը: Հեռանում են արդարության բացակայությունից, հեռանում են միջոցների բացակայությունից:

Սերժ Սարգսյանի Հայաստանում հաստատ չկա խանութում երկու փոքրահասակ երեխաների հետ կանգնած երիտասարդ կին, որը վաճառողին խնդրում է երեք կտոր ապխտած միս տալ: Ուշադրություն՝ երեք կտոր: Ի դեպ, այս կնոջ վիճակը տասնյակ հազարավորների հետ համեմատած դեռ լավ է, որ մտքով անցնում է ապխտած միս գնել:

Բարեկիրթ տաքսիստը, որը սիրում է Հայաստանը, որը համառորեն չէր ցանկանում արտագաղթել, այսօր հայտարարեց, որ այլեւս չի դիմանում, որ այլեւս ամաչում է տուն մտնել եւ նայել կնոջ աչքերին: Նա հայտարարեց, որ պատրաստվում է հասնել Ֆրանսիա կնոջ եւ որդու հետ, հանձնվել եւ գոնե որոշ ժամանակ ապրել իրենց տրամադրվող 300 եվրոյով եւ երեքանգամյա սնունդով եւ փոքրիկ կացարանով:

Իհարկե, նա չգիտի, թե որքան են տառապում այդ ճանապրհն ընտրածները, ինչ հոգեկան ապրումների մեջ են հայտնվում: Այս պահին նա փորձում է փրկվել անհուսությունից, եւ որ ամենավատն է, նա կորցրել է հավատը վաղվա օրվա հանդեպ:

Գրագետ, կիրթ, այս երկիրը սիրող մի երիտասարդ ընտանիք էլ շաբաթներ առաջ հայտնվեց Կանադայում: Հեռացան արցունքներն աչքերին: Հեռացան, քանի որ չէին տեսնում Սերժ Սարգսյանի ներկայացրած թվերը:

Իր երկիրը սիրող Դավիթն էլ ստիպված փակեց իր փոքրիկ խանութը: Փակեց, քանի որ իր իսկ բառերով ասած՝ ժողովրդի ձեռքին այլեւս փող չկա, իսկ ում մոտ էլ դեռ մնացել է, գնում են սուպերմարկետ: «Ես նրանց գնային քաղաքականության պայմաններում չէի կարող դիմանալ»,- բացատրեց այս երկրից դեռ հեռանալ չցանկացող Դավիթը:

Երկու հոգուց մեկը աղքատ է, բայց դա չի նշանակում, որ այն մյուսն էլ բարեկեցիկ պայմաններում է ապրում: Իրականում աղքատությունը հասել է չափազանց սարսափելի թվերի: Եւ Կարեն Կարապետյանի բնորոշումը, թե տնտեսությունը ծանր վիճակում է, չափազանց մեղմ գնահատական է:

Սերժ Սարգսյանը չի տեսել կոմունալ վարձավճարները մուծող ՀՀ քաղաքացու աչքերը: Նա չի էլ կարող պատկերացնել, թե ինչու շատ-շատերի տներն այս ցուրտ օրերին չեն ջեռուցվում կամ հարկ եղած ձեւով չեն ջեռուցվում, եւ որ ամենակարեւորն է, ինչու հայ երեխաներից ոչ բոլորն են գոնե շաբաթը մեկ միս ուտում:

Վարդան Մխիթարյան



ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԹՈՓ ՎԻԴԵՈՆԵՐ

ԹՈՓ ՖՈՏՈՆԵՐ

ԹՈՓ ՑԻՏԱՏՆԵՐ
 Գյումրին և Վանաձորը չեն կարող իրարից անկախ էական զարգացում ապրել: Խնդիրները պետք է դիտել Հայաստանի երկու խոշոր քաղաքների զարգացման գաղափարախոսության և հստակ ծրագրի մեջ: Մենք համոզված ենք, որ պետք է որպես առաջնահերթ խնդիր դնել խոշոր ռեսուրսների հայթայթումը՝ Գյումրիի և Վանաձորի արտադրական հզորությունների, այդ քաղաքների՝ Հայաստանի և տարածաշրջանի համար պատմական, տնտեսական նշանակության վերականգնման համար:
Մենք չենք կարող մեզ թույլ տալ հայ-թուրքական սահմանին այսօրվա չքավորության, ծանր սոցիալական պայմաններում ապրող Գյումրի: Սա պետական անվտանգության խնդիր է: Գյումրին պետք է լինի արագ զարգացող, տնտեսապես գրավիչ, կենսունակ քաղաք:

Վարդան Օսկանյան
«Համախմբում» կուսակցության նախագահ

Գյումրի, 26.08.2016թ.
Այնպիսի տպավորություն է, որ Հայաստանը ղեկավարություն չունի կամ նույն այդ ղեկավարությունը չի նկատում ժողովրդին: Այս էլ որերորդ անգամ երկրի առաջին դեմքերը լռում են եւ ոչինչ չեն ասում: Լռում է Սերժ Սարգսյանը, Գալուստ Սարգսյանը, Հովիկ Աբրահամյանը: Լռում են այնպես, ինչպես ապրիլյան արյունալի մարտական գործողությունների ժամաբնակ, ինչպես մյուս բոլոր կարեւոր իրադարձությունների ժամանակ: Լռում են, հետո զարմանում, թե ինչու ժողովուրդն իրենց չի վստահում կամ չի աջակցում: Այսքանից հետո ինչպես աջակցի:

«Համախմբում» կուսակցության վարչության անդամ Գեղամ Նազարյան

18.07.2016թ.

 Բարի մարդկանց կարիքը կա, որ գործնականում օգնեն մարդկանց, կարիքը կա ավելի արդար հասարակության, որտեղ յուրաքանչյուրը կարողանա արժանավայել կյանք վարել եւ արդարորեն հատուցվող աշխատանք ունենա:

Հռոմի պապ Ֆրանցիսկոս
Հայաստան, Գյումրի, 25.06.2016թ.
Չեմ բացառում Արցախի անկախության ճանաչումը եւ կարծում եմ, որ բանակցային գործընթացի հետ կապված Ադրբեջանի կեցվածքը ուղղակի պարտադրում է հայկական կողմին այս հարցերում ավելի վճռական քայլերի դիմել: Ինչպիսին կլինեն այդ քայլերը՝ անկախության ճանաչո՞ւմ, թե՞ պայմանագրի ստորագրում. դա պետք է որոշի հաջորդ նախագահը եւ կառավարությունը:
Այս տասը տարվա ընթացքում երկու անգամ նման իրավիճակներ ունեցել եմ: Եւ եթե այն ժամանակ կտրուկ մոտեցումներ չձեռնարկեի, ապա շատ հավանական է, որ բանակցային գործընթացը շատ անբարենպաստ ձեւով շարունակվեր Հայաստանի համար: Չեմ կարծում, որ այդպես է: Իսկ եթե նույնիսկ այդպես է, ապա չպետք է վախենանք եւ այդ սպառնալիքի տակ գնանք ինչ-որ զիջումների:

ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյան
Ապրիլ 2008թ.
Կարելի է պնդել, որ Հայաստանում արդեն իսկ կան բազմաթիվ կուսակցություններ, որոնք կիսում կամ հնչեցնում են նմանատիպ մտահոգություններ, սակայն նշված խնդիրների իրագործումը ներկայիս քաղաքական դաշտը դեռևս չի կարողացել ապահովել: Հետևաբար, ողջունելի է նոր ուժը, որ կարող է այս տագնապալի ներքաղաքական և աշխարհաքաղաքական իրավիճակում կատարել 70 տոկոս աղքատություն ունեցող հասարակության չարդարացված սպասումներն ու վերականգնել հարյուր հազարավոր արտագաղթածների կորսված հույսերը:
Այսպիսով, քաղաքական նոր կուսակցության արդյունավետ գործողությունների հետևանքով կարող է տեղի ունենալ իրական ՀԱՄԱԽՄԲՈՒՄ:

ՀՀ Մարդու իրավունքների նախկին պաշտպան Կարեն Անդրեասյանի ՖԲ էջից 

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ
Top-News.am (c) 2011. Բոլոր իրավունքները պաշտպանված են: Էլեկտրոնային հասցե` [email protected]

Designed by Arevik Martirosyan
Created by Rudolf Perikhanyan